Կանանց հոգատարության, իմաստության ու համբերատարության շնորհիվ դարեր ի վեր պահվում ու պահպանվում են մեր ընտանիքների ամրությունը, դաստիարակվում հայրենասեր զավակներ: Կանանց միջազգային օրվա կապակցությամբ Հայաստանի վարչապետի շնորհավորական ուղերձից է: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ընտանիքին ու Հայրենիքին կանանց նվիրումն է նպաստում ազգային ավանդույթների պահպանությանն ու ամրապնդմանը:
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Այս օրն առանձնակի կարևորվում է Մարտի 8-ի խորհուրդը՝ կապված կանանց իրավունքների պաշտպանության հետ:
Ցանկանում եմ ընդգծել, որ կանանց և տղամարդկանց միջև հավասար իրավունքների ու հասարակական կյանքի բոլոր ոլորտներում լիարժեք մասնակցության ապահովումը ՀՀ Կառավարության առաջնահերթություններից է։ Շարունակական աշխատանքներ ենք տանում հասարակական կյանքում կանանց դերի բարձրացման, աշխատանքային իրավունքների պաշտպանության, բռնության ենթարկված անձանց պաշտպանության, պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմիններում, քաղաքական գործընթացներում կանանց ներգրավվածության ապահովման ուղղությամբ։ Պատահական չէ, որ պետական կառավարման համակարգի բարձր օղակներում, նաև ուժային կառույցներում, հասարակական կյանքի պահպանման ոլորտում այսօր հաջող գործունեություն են ծավալում բազմաթիվ կանայք և հույս ունեմ՝ նրանց թիվը ավելի կմեծանա։
ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔՆԵՐ ՄԱՐՏԻ 8-Ի ԱՌԹԻՎ
Կանանց տոնն ուրախության, դրական զգացմունքների ու խոհերի տոն է՝ շնորհավորական ուղերձում նշել է Հանրապետության նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանը
Ալեն Սիմոնյան (Հանրապետության նախագահի լիազորությունները կատարող) - Սիրելի՛ կանայք,
Ձեզ նվիրված պաշտոնական տոնը նշվում է գարնան առաջին ամսին՝ մարտին, սակայն դուք գարուն եք նվիրում անկախ տարվա եղանակից՝ ձեր էությամբ, ձեր կանացիությամբ, ջերմություն, երջանկություն ու սեր պարգևելու ձեր բացառիկությամբ, միայն ձեզ՝ կանանց բնորոշ հատկանիշներով և Աստծուց ու բնությունից միայն ձեզ տրված առաքելությամբ:
Մաղթում եմ, որ երբեք չպակասի սերը ձեր հանդեպ, որովհետև, հավատացած եմ, որ ձեր մեջ այն երբեք չի պակասում:
Կանանց տոնի առթիվ շնորհավորել է նաև Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, նշել՝ այսօր նորից առիթ ունենք անդրադառնալու ընտանիքներում, մեր ազգային, եկեղեցական և պետական ու հասարակական կյանքում կանանց ներդրումին ու բարի ավանդին, գնահատելու նրանց ձեռքբերումները կրթության, գիտության, առողջապահության և այլ բնագավառներում։
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան