Շիկահող բնակավայրում արդեն մի քանի ամիս է՝ 14 ընտանիք ունի կայուն եկամտի աղբյուր: Միջազգային գործընկերների և Սյունիքի հարցերի միջգերատեսչական աշխատանքային խմբի գործակցությամբ՝ շուրջ 150 հազար դոլարով, Շիկահողում հիմնվեց կարի արտադրամաս: Գյուղապետարանի վարչական շենքը հիմնովին նորոգվեց, ու մի հարկաբաժինը հատկացվեց արտադրամասին։
Սասուն Մանուկյան («Հայանտառ» ՊՈԱԿ-ի Կապանի անտառտնտեսության մասնաճյուղի տնօրեն) - Ստացել ենք 69 համազգեստ, սա առաջին խմբաքանակն է, մենք ստանալու ենք նաև ձմեռային խմբաքանակ: Թռիչքային տնտեսական զարգացման խնդիր է լուծվել՝ աշխատատեղ և արտադրամասը աշխատացնելու համար առաջին աջակցություն՝ այդ շրջանակում պետությունը հովանավորել է այս ծրագիրը, և արդյունքն ակնառու է:
Այս տարի ևս արտադրամասը նոր պատվերների մեծ քանակ է ստացել: Զինված ուժերի համար կարելու են սպայական պայուսակներ և այլ անհրաժեշտ պարագաներ: Մոտ 60 համազգեստի պատվեր էլ Մեղրիի կոմունալ ծառայությունից ունեն: Ուրախ են, որ պատվերը պատվերի հետևից են ստանում, բայց մտահոգվում են` տեղն ու մեքենաներն են քչություն անում:
Նարե Ղազարյան (կարի արտադրամասի պատասխանատու) - Արտադրամասը գործում է 2021 թ. դեկտեմբերի 1-ից, այսօր հանձնեցինք «Հայանտառի» և «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի» կողմից պատվեր տրված հագուստները: Ընթացքում կարել ենք նաև Կապանի կոմբինատի «Չաարտ Կապան» ընկերության պատվիրած 50 բանվորական համազգեստ, ինչպես նաև տեքստիլ, սրբիչներ, սպիտակեղեն:
Խաչիկ Աղաջանյան (անտառտնտեսության աշխատակից) - Կառավարության աջակցությամբ աշխատակիցներն ամեն ամիս ստանում են նվազագույն աշխատավարձ, անկախ պատվերների առկայությունից, իսկ պատվերների դեպքում շահույթը մեծանում է: Թոշակառու մանկավարժը նշում է՝ արտադրամասը նրան Կապանից բերել է Շիկահող:
Նորետա Յուզբաշյան (կարի արտադրամասի աշխատակից) - Մեքենաների պակասություն կա, ես չունեմ ներկա դրությամբ մեքենա, Ղուկասյանը խոսք է տվել, որ կբերի: Հիմա եթե երկրորդ հերթը գալիս է, ես արդեն չեմ կարող աշխատել, ստիպված պետք է գնամ, եթե ցանկություն էլ ունեմ՝ չեմ կարող:
Միջգերատեսչական աշխատանքային խումբը մտադիր է Շիկահողի հարակից սահմանամերձ բնակավայրերում ևս հիմնել մասնաճյուղեր:
Հեղինակ՝ Արմինե Սիմոնյան