Գազի գինը Եվրոպայում շարունակում է նոր ռեկորդներ սահմանել: Երեկ այն հասել էր երբևէ գրանցված ամենաբարձր ցուցանիշին՝ 3900 դոլար հազար խորանարդ մետրի համար: Համեմատության համար՝ մեկ շաբաթ առաջ գազի պայմանագրերը կնքվում էին 1700 դոլարով: Իսկ Ուկրաինայի շուրջ ծավալվող իրադարձություններից առաջ գազը վաճառվում էր 800 դոլարով: Մասնագետների գնահատականով՝ այսպիսի թանկացման պատճառը նաև Ռուսաստանի նկատմամբ ամեն օր ավելացող պատժամիջոցմներն են:
Ներդրողները մտավախություն ունեն, որ ինչ-որ պահի Ռուսաստանից գազը կարող է դադարել Եվրոպա հասնել: Կա նաև հակառակ մտահոգությունը՝ եվրոպական երկրներն իրենք կարող են հրաժարվել ռուսական գազից: Այս պարագայում Եվրոպան կապույտ վառելիքի այլ մատակարարներ գտնելու հարցում խնդիրներ կունենա, ինչն ընդունել է նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:
Էմանուել Մակրոն (Ֆրանսիայի նախագահ) - Նկատվում է կարճաժամկետ կտրվածքով գազի գնի բարձրացում, ինչը պայմանավորված է այս պատերազմով, ինչպես նաև շուկայում որոշ սպեկուլյատիվ գործոններով: Սակայն եթե Ռուսաստանը որոշի պատասխան պատժամիջոցներ կիրառել էներգետիկ ոլորտում, հաջորդ տարի ավելի բարդ կլինի:
Մակրոնի խոսքով՝ Ֆրանսիան համեմատաբար ավելի քիչ կախվածություն ունի ռուսական գազից: Խնդրին ավելի շատ կբախվեն Գերմանիան, Իտալիան, իսկ իրավիճակը ավելի կբարդանա այս ձմռանը:
Եվրոպայում այժմ փորձում են թուլացնել կախվածությունը ռուսական կապույտ վառելիքից: Reuters պարբերականն ավելի վաղ ուսումնասիրություն էր անցկացրել և որպես գազի մատակարարման այլընտրանքային երկրներ նշել Մեծ Բրիտանիան, Նորվեգիան և Նիդերլանդները: Եվրոպային հեղուկ գազ կարող է մատակարարել նաև Միացյալ Նահանգները: Դրան զուգահեռ Հին աշխարհամասը չի կարողանա տնտեսության համար առանց կորուստների փոխարինել ռուսական գազը: Հայաստանի վրա գազի գնի թանկացումը չի ազդի, քանի որ մեր երկիրն ունի գազի ֆիքսված գին՝ 165 դոլար սահմանին հազար խորանարդ մետրի համար:
Ռազմական գործողություններն Ուկրաինայում իրարանցում են առաջացրել հումքի ամբողջ շուկայում: Գների կտրուկ աճ է նկատվում, օրինակ, նիկելի պարագայում, որի խոշոր արտահանողներից է Ռուսաստանը: Գների իսկական իրարանցում է սև ոսկու շուկայում: Բրենթ տեսակի նավթն այժմ մեկ բարելի համար վաճառվում է 129 դոլարով: 2021 թվականի ավարտին այդ ցուցանիշը տատանվում էր 80 դոլարի սահմանում: Եվրոպայում այժմ քննարկում են նաև ռուսական նավթից հրաժարվելու տարբերակը: Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը զգուշացրել է այդ քայլի աղետալի հետևանքների մասին:
Ալեքսանդր Նովակ (ՌԴ փոխվարչապետ) - Գների աճն այդ պարագայում կլինի անկանխատեսելի՝ ավելի քան 300 դոլար մեկ բարելի դիմաց: Ռուսական նավթը փոխարինելու համար եվրոպական շուկայում կպահանջվի ոչ մեկ տարի, իսկ դրա դիմաց կվճարեն սպառողները:
Եվրոպան տարեկան սպառում է մոտ 500 միլիոն տոննա նավթ: Այդ ծավալի մոտ 150 միլիոնը՝ 30 տոկոսը, մատակարարում է Ռուսաստանը: Մոսկվայում նշում են, որ մտադիր չեն դադարեցնել թե՛ գազի, թե՛ նավթի մատակարարումը Եվրոպա, սակայն ստեղծված իրավիճակում այդ հայտարարությունները այնքան էլ չեն ազդում շուկայում գնի կայունացման վրա: