Թռիչքը թույլ է տալիս փոքր խնդիրներին վերևից նայել՝ հասկանալու համար՝ որքան աննշան են դրանք, ու կյանքում որքան կարևոր արժեքներ կան՝ ասում է անկախ Հայաստանի առաջին կին օդաչուն, որը մասնավոր օդաչուի լիցենզավորում ունի:
Այս փուլում Դիանան մայրության բերկրանքն է վայելում: Երեխայի ծննդից հետո նոր թռիչք թեև դեռ չի ունեցել, բայց անհամբեր սպասում է դրան: Ճառագայթաբան-բժիշկը ոգևորությամբ է հիշում, թե ինչպես որոշեց 2020-ին մասնակցել Քաղավիացիայի կոմիտեի օդաչուների սիրողական դասընթացին ու իրականացնել առաջին թռիչքը:
Դիանա Սահակյան (մասնավոր օդաչու, ճառագայթաբան) - Կյանքը մեկ անգամ է տրվում, և այն իսկապես հրաշալի է, և պետք է այն գնահատել, անկախ նրանից՝ դու մայր ես, աշխատող բժիշկ ես, դու օդաչու ես, թե դու որևէ այլ գործով ես: Կյանքը միշտ տալիս է որոշակի նոր հնարավորություններ և պետք է միշտ որսալ, վայելել կյանքի ամեն մի պահը:
Այդ հարցում ընտանիքը միշտ իր կողքին է: Ամենաբարձր թռիչքը եղել է 3200 մետր բարձրության վրա: Ասում է՝ կանայք չպետք է իրենց առջև պատնեշներ դնեն ու մտածեն, որ չեն կարող դրանք հաղթահարել: Ցանկացած աշխատանք սկսելուց առաջ կան ռիսկեր: Պարզապես դրանք պետք է հաղթահարել:
Դիանա Սահակյան- Այդ ռիսկը, այդ ամենը զգալով՝ դու հասկանում ես, որ պետք է ամեն ինչ անել, որ քո նպատակին հասնես, չի կարելի կանգնել և ասել՝ ո՛չ, ես այսօր չեմ ուզում, կարելի է ալարել: Չի կարելի այդպես անել, պետք է անընդհատ շարժվել առաջ:
Դիանայի խոսքով՝ ժամանակակից օդանավերը թույլ են տալիս, որ կանայք հեշտությամբ դրանք կառավարեն, ուստի ամբողջ աշխարհում կին օդաչուների թիվն ավելանում է:
Դիանա Սահակյան - Օդանավով թռչելիս դու զգում ես ազատություն, ինչպես նաև զգում ես, որ այդ ազատությունդ քո ձեռքերում է, և դու պետք է կարողանաս այն հմուտ կառավարել, այլապես լավ չի լինի:
Դիանան համոզված է՝ առաջիկայում Հայաստանի երկնքից թռիչքներ կիրականացնեն նաև այլ կին օդաչուներ: