Կակաչներն արևը ուղիղ՝ ոչ ջերմոցի ապակու տակից, առաջին անգամ այստեղ են զգում։ Հայաստանի ծաղկի մեծածախ շուկան է, լույսը բացվելու հետ տոնավաճառը գունավորվում է։
Թանկացումը Մարտի 8-ի կապակցությամբ է։ Երկրում ամենաշատ ծաղիկը թերևս այս տոնին է գնվում-վաճառվում։
Նարգիզների 50-հատանոց կապը՝ 3-3․5 հազար դրամ է։ Նորություն փնտրողներին արտաշատցի 50 տարվա փորձով ջերմոցատերն առաջարկում է դրանց նույնիսկ կապտականաչ երանգը: Ստացել է, ասում է՝ ծաղիկին տորթի գույնով ջուր խմեցնելով, խակ քաղել-դրել է հատուկ հեղուկներում։ Չարչարվում է, որ բիզնեսից չդժգոհի, բայց....
Կորոնավիրուսի փուլում կտրուկ անկում գրանցած ծաղկի բիզնեսը եկամուտների առումով 2020-ից հետո վերականգնվեց, բայց ընդհանուր վաճառքը դեռ պակասած է մարդկանց տրամադրության, գնողունակության պատճառով՝ գնահատում են ծաղկի սրահների համար առևտուր անողները։
Սմբատ Սահակյան - Մի քանի տարի առաջ ավելի լավ էր, քան հիմա, հիմա գնալով թանկանում ա, ժողովրդի վիճակը վատանում ա՝ դժվար են առնում:
Աննա Առաքելյան - Գարնան ծաղիկներ են՝ ֆրեզիաներ, կակաչներ, շատ լավ ա, գներն էլ ոչինչ՝ նախորդ տարիների համեմատ, ոնց որ թանկացել ա պեսոկը, ամեն ինչը, եթե գազն էլ ա թանկացել, աշխատուժն էլ, բնական ա, որ ծաղիկն էլ թանկանա:
Գին թռցնողը վաճառքի վերջին օղակն է՝ տոնական գնաճի դժգոհության սլաքներն իրենցից հեռացնում են ծաղիկ աճեցնողները։ Հոլանդական սորտերի կակաչի հատը 400 դրամ, լավ չի՞, սերմ-սոխուկիցч թունաքիմիկատ՝ առնում են, պետք է, չէ՞, փող աշխատեն։
Աշոտ Բադալյան - Կակաչներն աճեցնում ենք գարնանը, հետո քրիզանթեմ ունենք, լանդիշներ ունենք, ամեն ինչ ունենք:
Գոռ Եղյան - Շատ չենք դնում, ամենաշատը՝ մի 15-16 հազար հատ, ու մեր շուկայի պայմաններում կարում ենք, էլի վաճառում ենք։ Ռուսաստան արտահանել չենք կարա, քանի որ իրանք կակաչ ավելի շատ են աճեցնում, քան Հայաստանը:
Կարող են շատ ավելի ծաղիկ աճեցնել, միայն թե պետք է կայուն արտահանման հարց լուծվի: Վարդի դեպքում, օրինակ՝ Լարսը մի քանի օր փակվեց՝ խոշոր ջերմոցները ստիպված սկսեցին ապրանքը տեղում սպառել՝ դժգոհում է նկարահանվել չցանկացող ջերմոցատերը։
Տարածքի ամենամեծ բեռնատարը այս օրերին վարդը Ռուսաստան տանել չկարողացող «Ռոզֆիլդ»-ինն է․ շուկա բերած ամբողջ խմբաքանակը վաճառել չկարողացան։
Լեռնիկ Վարդանյան - Համ էլ արտահանում են, էլի, նենց չի, որ մենակ ստեղ՝ Հայաստանում են վաճառում:
Վարդը շուկայում երկուշաբթի այնքան շատ էր՝ մարտի 8-ի վաճառքների համար գինը գրեթե չբարձրացավ։
Էժանացրեք, որ չթափեք՝ գնորդների ու մեր առաջարկին՝ մասիսցի էդգարն ասում է՝ համարեք՝ մի ջերմոցատեր էլ դուք եք, ձմռան սկզբից ծախս եմ անում...
Ամեն ինչից անկախ, շուկա են եկել, գնորդի հետ հարմարվում են։ Տոնին կանանց առանց փնջի հո չե՞ն թողնի։