Կորոնավիրուսի դեմ պատվաստման այս կետում մարդկանց հոսքը չի դադարում: Բուժքույրը նշում է՝ 2 ժամվա ընթացքում պատվաստվել է 53 հոգի: Մեծ մասը՝ օտարերկրացիներ:
Մարջանիկ Ալեքսանյան (բուժքույր) - Հիմնականում «Մոդեռնա» և «Պֆայզեր» պատվաստանյութով են պատվաստվում:
Ռուսաստանից Հայաստան ժամանած զբոսաշրջիկները եվրոպական պատվաստանյութերն ընտրելու տարբեր պատճառներ են թվում:
Զբոսաշրջիկ - Երեք օր առաջ եմ եկել Ռուսաստանից: Այսօր պատվաստվեցի «Մոդեռնայով», որովհետև դրանով կարող եմ գնալ եվրոպական երկրներ, այնտեղ ծանոթներ ունեմ:
Զբոսաշրջիկ - Ռուսաստանում, ցավոք, «Մոդեռնայով» պատվաստվել հնարավոր չէ: Այդ պատճառով եկել ենք Հայաստան:
Զբոսաշրջիկ - Ընտրեցի «Պֆայզեր», որովհետև հարազատներս Միացյալ Նահանգներում են, միգուցե գնամ նրանց մոտ:
Կորոնավիրուսի դեմ պատվաստման երրորդ դեղաչափը ստացող զբոսաշրջիկները Հայաստանում կմնան առնվազն մինչև չորրորդ ներարկումը ստանալը: Նշում են՝ մինչև այդ էլ պատվաստումը հավաստող QR կոդով կկարողանան անարգել այցելել մշակութային և ժամանցի վայրեր: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը համաճարակային վիճակը թեև բավարար է համարում, բայց QR կոդերի և պատվաստման հավաստագրերի ներկայացման պահանջը չեղարկել չի պատրաստվում:
Անահիտ Ավանեսյան (ՀՀ առողջապահության նախարար) - Վերջին ալիքի ընթացքում էլ մենք հստակ կերպով արձանագրում ենք, որ պատվաստված քաղաքացիները հիվանդությունը տանում են անհամեմատ հեշտ, թեթև, և մենք չենք ունենում մահվան դեպքեր, ինչն ամենակարևորն է: Այդ պատվաստման խթանը փորձելու ենք պահպանել, որպեսզի խուսափենք հետագա ալիքներից:
Առողջապահության նախարարության տվյալի համաձայն՝ մարտի 6-ի դրությամբ՝ Հայաստանում կատարվել է կորոնավիրուսի դեմ 2 մլն 059831 պատվաստում, որից առաջին դեղաչափը՝ 1 մլն 095082, երկրորդը՝ 936227: Բուստեր դեղաչափ ստացել է 26327 մարդ:
Ինչ վերաբերում է հիվանդության ընթացքին՝ կորոնավիրուսի դեմ պատվաստված չէ հոսպիտալացված և ծանր վիճակում գտնվողների 81%-ից ավելին:
Հեղինակ՝ Նորայր Շողիկյան