Երևանում այս օրերին վարձով տուն դժվար է գտնել նույնիսկ բարձր գնով: Կենտրոնում կամ Արաբկիրում վերանորոգված մեկ սենյակի վարձը 350 000 է, մյուս թաղամասերում՝ 250 000 դրամ և ավելի: Մայրաքաղաքի փողոցներում հանդիպող օտարերկրացիներից շատերն այս խնդրին արդեն հասցրել են բախվել:
Վերջին շրջանում Հայաստան են գալիս Ռուսաստանից, Ուկրաինայից ու Բելառուսից, հիմնականում ծրագրավորողներ, հաճախ՝ ընտանիքներով: Թե՛ օրավարձով, թե՛ ամսավարձով մայրաքաղաքի կենտրոնում ազատ բնակարան գրեթե չկա: Նույնիսկ, օրինակ, Աջափնյակում և Մալաթիա-Սեբաստիայում տուն վարձելը թանկ հաճույք է դարձել:
Անշարժ գույքի գործակալություններում նշում են, որ Ռուսաստանի քաղաքացիները պատրաստ են տուն վարձել նաև Գյումրիում, Աբովյանում և Էջմիածնում: Ընդ որում՝ իրենց համար կարևոր պայման է՝ բնակարանը մաքուր և վերանորոգված լինի. հարմար պայմանների դեպքում պատրաստ են նույնիսկ ավելի շատ վճարել:
Գևորգ Մարտիրոսյան (անշարժ գույքի գործակալության տնօրեն) - Մինչև 70 տոկոս ակտիվություն ենք տեսնում շուկայում վարձակալության հետ կապված. բնականաբար, գները բարձրանում են: Տանտերերի հետ հիմնականում որ զրուցում ենք, ոնց որ իրենք աուկցիոնի նման են սկսում էդ ամեն ինչը, հաճախորդներ են լինում, գալիս են, բնակարանը նախկինում 500-600 դոլարով էր, չէին կարողանում հանձնել, հիմա 400-450 հազարով կանգնած են մի քանի հոգի հերթի:
Անշարժ գույքի գործակալության տնօրենը չի բացառում, որ գներն առաջիկայում ավելի բարձրանան: Հայաստան ժամանած ռուսաստանցիները նախ օրավարձով 5 օրով են տունը վարձում, հարմարվելու դեպքում 3 կամ 6 ամսով պայմանագիր կնքում, պարտադիր, բացի առաջին ամսվա վարձից՝ վճարում նաև մեկ ամսվա դեպոզիտ:
Գևորգ Մարտիրոսյան - Գները բավականին բարձրանում են ու հակառակ էֆեկտ կարա տա էս ամեն ինչը, որ մեր տեղացի ժողովուրդը, օրինակ, վարձակալել են ինչ-որ բնակարան X գումարով, հիմա, օրինակ, տանտերը կարող է գա, ասի՝ գիտես ինչ կա, դուրս արի իմ բնակարանից, քանի որ ես ունեմ երկու անգամ X-ով հնարավորություն հանձնելու տվյալ բնակարանը:
Իսկ այդպիսի դեպքեր գործակալությունն արդեն արձանագրել է: Ոլորտի մասնագետները կարծում են, որ Ուկրաինայի շուրջ ծավալվող իրադարձությունների ավարտից հետո անշարժ գույքի վարձակալության շուկան կկարգավորվի, գներն էլ առաջվանը կլինեն: