Բաքվի բանտերում պահվող հայ գերիները հարցը ՄԻՊ-ի ուշադրության կենտրոնում է: Քրիստիննե Գրիգորյանը Հայաստանում կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավարից է հետաքրքրվել տարվող աշխատանքների մասին:
Հանդիպման մանրամասները «Լուրերի» հետ զրույցում օմբուդսմենը ներկայացրեց, ասաց՝ Թիերի Ռիբոյից հավաստիացում է ստացել, որ միջնորդական առաքելությունը շարունակում է նույն հաճախականությամբ այցելել պահվող ռազմագերիներին ու քաղաքացիական այլ անձանց՝ նրանց ու ընտանիքների կապն ապահովելով նամակագրության, հեռախոսազանգի, անգամ տեսագրությունների միջոցով:
Քրիստիննե Գրիգորյան (Մարդու իրավունքների պաշտպան) - Ինձ համար շատ կարևոր էր հասկանալ, որ միջազգային մանդատ ունեցող այս կազմակերպությունը որևէ ձևով սահմանափակված չէ անգամ արհեստական դատավարությունների արդյունքում քրեորեն հետապնդելի արարքների համար դատապարտված մեր հայրենակիցներին այցելելու ու նրանց պահման պայմաններին ծանոթանալու առումով, և նաև առիթ եմ ունեցել մտահոգությունս հայտնել շատ արհեստական և Ժնևյան կոնվենցիայի խախտմամբ մեր երկու ռազմագերիների նկատմամբ քրեական դատավարության ու դատավճիռների առիթով, որոնցով երկու անձինք դատապարտվել են 18 և 19 տարվա ազատազրկման:
Խոսքը Իշխան Սարգսյանի և Վլադիմիր Ռաֆայելյանի մասին է, ահաբեկչության մեղադրանքով Բաքվի դատարանը նրանց 19 ու 18 տարվա ազատազրկման դատապարտեց: Գրիգորյանը ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարի ուշադրությունը նրանց պահման պայմաններին էլ է հրավիրել, որ այս հարցում պատշաճ վերահսկողություն իրականացվի:
Քրիստիննե Գրիգորյան - Ներկայացուցիչը վստահեցրել է, որ իրենք պահման պայմանների հետ կապված բոլոր մտահոգությունները բարձրացնում են համապատասխան պետության իշխանության առաջ, և որպես մտահոգություն շեշտել եմ, որ գերությունից վերադարձողների ու քրեական գործերով ապացուցված է, որ վատ վերաբերմունքների ու խոշտանգման դեպքերը շարունակական են, և ուշադրություն եմ հրավիրել էս փաստի վրա:
Պաշտպանի խոսքով՝ այս հարցում ինքը շարունակելու է նախորդ պաշտպանի սկսած գործը՝ զուգահեռ ակտիվ աշխատելով միջազգային կառույցների հետ: Գրիգորյանը հիշեցնում է՝ Բաքուն կանխամտածված քաղաքականությամբ խախտում է միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը՝ ձգձգելով հայ ռազմագերիների վերադարձը: 38 գերիների փաստը Ադրբեջանը հաստատել է, բայց իրավապաշտպանները ևս 8 տասնյակ չհաստատված ու Ադրբեջանում գտնվող գերիների մասին տեղեկություններ ունեն, որոնց ճակատագիրն այժմ դեռ անհայտ է: