ՀՀ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ կապ է հաստատել Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի հետ և տեղյակ է՝ մինչ այս պահը դեռ վերականգնված չէ Հայաստանից Արցախ գազամատակարարումը։
«Ադրբեջանական կողմն ուղղակի դիտավորությամբ թույլ չի տալիս մասնագետներին և իրավասուներին հասանելիություն ունենալ ենթադրյալ վթարի վայրին՝ գազամատակարարման խափանումը վերացնելու համար, և այս հանցավոր դիտավորությունը շարունակվում է այնպիսի եղանակային պայմաններում, երբ ջեռուցումն ունի կարևորագույն նշանակություն Արցախի բնակչության, ներառյալ տեղահանված անձանց բնականոն կյանքն ու առողջությունն ապահովելու համար։
Խստորեն դատապարտելի է առանց այդ էլ բարդ հումանիտար իրավիճակի կանխամտածված սրման այս գործելակերպը»,- գրել է ՀՀ ՄԻՊ-ը: