Անկարան ողջունում է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի՝ մարտի 11-13-ը Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցելու վերաբերյալ որոշումը՝ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Թանժու Բիլգիչը:
«Նմանօրինակ փոխադարձ քայլերը կնպաստեն երկու երկրների միջև երկխոսության ընդլայնմանը և լիարժեք կարգավորման նպատակով վստահության բարձրացմանը միտված քայլերի քննարկմանը»,- ասված է հայտարարության մեջ:
Ֆորումին մասնակցելու՝ պաշտոնական Երևանին ուղղված հրավերի մասին դեռ հունվարին հայտնել էր Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, Հայաստանի ԱԳՆ քարտուղար Վահան Հունանյանը երեկ հաստատել էր նախարար Միրզոյանի մասնակցությունը:
Ֆորումին հրավիրված է նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հատուկ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, նրա մասնակցության մասին դեռ պաշտոնական հաստատում չկա: