Visa և Mastercard վճարային համակարգերը դադարեցնում են իրենց աշխատանքը Ռուսաստանում: Քանի դեռ քարտերը ժամկետի մեջ են, դրանք կշարունակեն աշխատել, բայց միայն՝ Դաշնության տարածքում: Ըստ ընկերությունների տարածած հայտարարությունների՝ քարտերը արտերկրում չեն աշխատի, հասանելի չեն լինի նաև առցանց գնումները: Ռուսաստանում գործարք չեն կարողանա իրականացնել նաև այլ երկրում թողարկված Visa և Mastercard քարտերը:
Արմեն Քթոյան (ՀՊՏՀ վիճակագրության ամբիոնի վարիչ, տնտեսագետ) - Ռուսաստանի տարածքում ակտիվորեն վերջին տարիներին կիրառվում է «ՄԻՐ» համակարգը, ու դրա հիմքի վրա թողարկված քարտերը արդեն 100 մլն-ից ավելի են և բավականին ակտիվ շրջանառություն ունեն: Այս պահին Ռուսաստանում շրջանառվող քարտերի առնվազն 25 տոկոսը «ՄԻՐ» հիմքի վրա քարտերն են: Ընդ որում՝ նոր թողարկվող քարտերի 1/3-ը նույնպես «ՄԻՐ»-ն է:
«ՄԻՐ» վճարային համակարգի քարտերի պահանջարկը վերջին շաբաթում աճել է 15%-ով, իսկ թվային քարտերի թողարկումն հնգապատկվել է: Հիմա ռուսական տնտեսական աշխարհը այլընտրանքներ է դիտարկում, որն այս պահին կարող է դառնալ չինական Union Pay վճարային համակարգի հետ գործակցությունը:
Արմեն Քթոյան - «Յունիփեյ» համակարգը 180 երկրում ունի շրջանառություն, բավականին ակտիվ ու այլընտրանքային համակարգ է: Հիմա եթե «Յունիփեյի» հետ համատեղ նրանք կարողանան այդ քարտը թողարկել, ռուսաստանցի քարտապանները արդեն կարող են Ռուսաստանի սահմաններից դուրս գործառնություններ կատարել: Միակ խնդիրը տեխնիկական է, որ «Յունիփեյի» հետ համատեղ քարտերի ծավալն այնքան էլ մեծ չէ, և զուտ տեխնիկական խնդիր կա, այսօր մի քանի բանկեր են աշխատում «Յունիփեյով», և «Յունիփեյի» քարտեր թողարկողները մի քանի ռուսական բանկեր են:
Ըստ Քթոյանի՝ միջազգային վճարային համակարգերի այս սահմանափակումը ռուսական ֆինանսական բազան չի փլուզի: Ներսում, իհարկե, խնդիրներ կլինեն, բայց ամենաշատ կտուժեն այն քաղաքացիները, որոնք ռուսական բանկերի «Վիզա» կամ «Մաստեր քարդ» ունեն և այս պահին Ռուսաստանի սահմաններից դուրս են: Դաշնության ԿԲ-ն նման քաղաքացիներին առաջարկում է կանխիկ գումարով մեկնել երկրից կամ ունենալ «Յունիոն փեյ» քարտ:
Արմեն Քթոյան - Իր մասշտաբներով, իհարկե, ծավալուն խնդիր է, բայց կան այլընտրանքային լուծումներ, և անցումային շրջանում որոշ բարդություններ կլինեն, հաղթահարելուց հետո արդեն կսովորեն աշխատել: Ասեմ՝ ամբողջ պատժամիջոցների համատեքստում ամենածանրը սա չէ:
Ըստ տնտեսագետի՝ ռուսաստանաբնակները զբոսաշրջային ուղղություններ կարող են ընտրել այն երկրները, որտեղ հասանելի է «ՄԻՐ» համակարգը: Այս համատեքստում Հայաստանը կարող է առավելություն ստանալ այլ երկրների նկատմամբ: Ռուսական վճարային համակարգը գործում է Հայաստանում ու մյուս ԵԱՏՄ պետություններում, նաև Տաջիկստանում, Թուրքիաում, ԱՄԷ-ում և Վիետնամում: