Մարտի 2-ին՝ ժամը 13.50-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ «Հայփոստ» ՓԲԸ-ի Չարենցավան քաղաքի բաժանմունքներից մեկի մոտ կայանված ինկասացիայի մեքենայից անհետացել է կենսաթոշակների համար նախատեսված փողով պարկը, որի մեջ 6500000 դրամ էր: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 13.30-ի սահմաններում «Հայփոստ» ՓԲԸ-ի վարորդ-ուղեկցողը նկատել է, որ «Ռենո Լոգան» ինկասացիայի մեքենայի սրահից բացակայում է մեկ պարկ, որի մեջ 6500000 դրամ էր:
Ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ժամը 12.00-ի սահմաններում Աբովյան քաղաքի Արզնու խճուղու սուպերմարկետի մոտ մյուս ուղեկցող վարորդը, օգտվելով գործընկերոջ ժամանակավոր բացակայությունից, գողացել և նախապես իր կողմից սուպերմարկետի մոտ կայանված «Օպել» մակնիշի մեքենան է տեղափոխել ինկասացիայի գումարով պարկը:
Գողության հատկանիշներով քրեական գործ է հարուցվել: 33-ամյա տղամարդը բերման է ենթարկվել Չարենցավանի քննչական բաժին և ձերբակալվել: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն: Հանգամանքները պարզվում են:
Հարուցված քրեական գործի շրջանակներում մարտի 3-ին, դատարանի որոշմամբ, խուզարկվել է 33-ամյա տղամարդու բնակարանը։ Գողոնը՝ 6500000 դրամը, հայտնաբերվել է:
Տղամարդը տվել է խոստովանական ցուցմունք:
Նախաքննությունը շարունակվում է։