Մարտի 8-ի դրությամբ՝ ռուսական զորքերը շարունակում են հարձակողական գործողությունը, սակայն նրանց առաջխաղացման տեմպերը զգալիորեն նվազել են: Այդ մասին հայտնել են Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբից։ Փոխանցվում է, որ մարտեր են շարունակվում Չեռնիգով քաղաքի համար։
«Կիևի պաշտպանության ուժերը շարունակում են պահել մայրաքաղաքը պաշտպանության արտաքին գծի երկայնքով և լրացուցիչ սահմանված տարածքներում։ Պաշտպանության ուժերի խմբավորումը շարունակում է պաշտպանական գործողություն իրականացնել հարավային, արևելյան և հյուսիսային օպերատիվ գոտիներում»,- ասվում է հաղորդագրությունում։
Ռուսաստանի պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ ռուսական զինված ուժերն Ուկրաինայում շարունակում են ոչնչացնել ռազմական օբյեկտներ: ՌԴ ԶՈՒ ստորաբաժանումները, ինչպես նաև Դոնեցկի և Լուգանսկի ուժերը վերահսկողության տակ են վերցրել մի շարք բնակավայրեր։