Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության զորքերն առաջ են շարժվել 9 կմ և վերահսկողության տակ են վերցրել 8 բնակավայր, իսկ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ուժերը վերահսկողություն են հաստատել Մարիուպոլ քաղաքի Օսոավիախիմ թաղամասի նկատմամբ: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։
Նրա խոսքով՝ անցած օրվա ընթացքում ռուսական ավիացիան Ուկրաինայի տարածքում ոչնչացրել է ռազմական ենթակառուցվածքի 158 օբյեկտ: Գործողության ողջ ընթացքում ոչնչացվել է մոտ 2500 ռազմական օբյեկտ:
Մարտի 7-ին ռուսական ուժերը շարքից հանել են Ժիտոմիրի շրջանում գտնվող օդանավակայանը, օդում խոցվել է Ուկրաինայի ռազմաօդային ուժերի երկու ՄիԳ-29 և մեկ Սու-27 ինքնաթիռ:
Ռուսական կողմն այսօր առավոտից լռության ռեժիմ է սահմանել, բացվել են հումանիտար միջանցքներ Կիևից, Չեռնիգովից, Սումիից, Խարկովից և Մարիուպոլից: