10 մլրդ դրամ ներդրում՝ 35 տոկոս վերադարձի պայմանով՝ էկոնոմիկայի նախարարության նոր առաջարկն է ներդրողներին: Հայաստանում մսամթերքի ու կաթնամթերքի արտադրության ինքնաբավությունը հաշվի առնելով՝ ընտրվել է անասնաբուծության ոլորտը:
Արման Խոջոյան (ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ) - Մենք խնդիր ունենք բարձրացնենք ինքնաբավության մակարդակը, ստեղծենք հասանելիություն ապրանքների նկատմամբ, երկրորդը՝ նաև բարելավենք որակական հատկանիշները:
Մինչև այս նախագիծը՝ Կառավարությունն արդեն մի քանի տարի ինքնաբավության խնդիրը լուծելու համար խելացի անասնաշենքերի ծրագրով ֆինանսապես օժանդակում է փոքր ֆերմերներին: Հայաստանում մոտավոր հաշվարկով՝ 600 հազար գլուխ խոշոր եղջերավոր կենդանի կա: Նախագծի իրագործումը կնպաստի տոհմային անասնաբուծության զարգացմանը: Նախագիծը Կառավարությունը վերջերս է հաստատել, և արդեն արդյունքներ կան՝ ասում է նախարարի տեղակալը:
Արման Խոջոյան - Ծրագրի հաստատումից հետո էկոնոմիկայի նախարարությունն արդեն ստացել է հետաքրքրության հայտեր, և ակնկալում ենք, որ այս նախաձեռնությունը հաջողություն կունենա:
Թռչնաբուծությունում մինչև 8 մլրդ ներդրում անել ցանկացողներին Կառավարությունը 2,8 մլրդ դրամ կվերադարձնի: Թե՛ անասնաբուծությունում, թե՛ թռչնաբուծությունում ներդրված գումարների զգալի մասը կապիտալ ծախսերը պետք է լինեն:
Արման Խոջոյան - Ամբողջ ներդրումային ծրագրի 70 տոկոսը պետք է կապիտալ ծախսեր լինի, դա նշանակում է սարքավորումներ, տեխնոլոգիաներ:
Պահել կաթնատու թե մսատու կենդանի՝ ընտրության հարցում ներդրողներն ազատ են: