ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոյին։
Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍՆ արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ Արկադի Պապոյանը, մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը, փոխդեսպան Աննառոզա Կոլանջելոն և դեսպանության աշխատակից Արամ Մկրյանը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել հայ-իտալական մշակութային ժառանգության ոլորտում կյանքի կոչված ծրագրերին, ինչպես նաև քննարկվել են համատեղ իրականացվող նոր ծրագրերին վերաբերող մանրամասներ՝ մասնավորապես դիտարկելով 3 հիմնական ուղղություններ:
Քննարկման առանցքում առանձնահատուկ կարևորվել է իտալական արշավախմբերի և կազմակերպությունների ներգրավվածությունը՝ Հայաստանում հնագիտական ժառանգության ուսումնասիրման ոլորտում:
Իտալական կողմից հաստատվել է «ՌՕՔԵՄՓ Հայաստան. մշակութային ժառանգության պահպանության, կառավարման և արժևորման տարածաշրջանային կենտրոնի» ծրագրի երկրորդ փուլի ֆինանսավորման տրամադրումը, որին առնչվող ծրագրերը երկուստեք մանրամասն կքննարկվեն առաջիկայում:
Այնուհետև կողմերն արծարծել են հայ-իտալական մշակութային հարաբերությունների խորացմանն ու ընդլայնմանն ուղղված ծրագրերը՝ տարբեր ուղղություններով: Այդ համատեքստում դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոն առաջարկել է Հայաստանում և Իտալիայում իրականացնել ցուցադրություններ՝ «Հետք» խորագրով՝ ներկայացնելով իտալական մշակույթի հետքերը Հայաստանում, և հայկական մշակութային հետքերը՝ Իտալիայում: Դեսպանի խոսքով այդ նախագիծը լավագույնս կարտացոլի դարավոր պատմություն ունեցող երկու երկրների մշակույթների առնչությունները: Նախարարի տեղակալը գոհունակությամբ է ընդունել դեսպանի առաջարկը և պատրաստակամություն հայտնել մանրամասն մշակելու բոլոր այն ծրագրերը, որոնք երկուստեք նախանշվել և քննարկվել են:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի: