Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն այսօրվա գործակարգավարական նիստում մի շարք հանձնարարականներ տվեց, որոնցից մեկը վերաբերում էր Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու առջևի հատվածում շատրվաններ կառուցելուն:
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու դիմացի հատվածը, որն անբարեկարգ է, այդտեղ կարող են լինել շատրվաններ, շատրվանների կառուցման համար մրցույթ հայտարարեք: Սա ձեզ հանձնարարական, երկշաբաթյա ժամկետում մրցույթ հայտարարենք, այդտեղ ունենանք նոր շատրվաններ: Այդտեղ ջրի խնդիր էլ չունենք, քանի որ մետրոյի ջրերը գալիս, Գետառ են թափվում, և այդ ջուրը կարող ենք օգտագործել, որպեսզի այդ դիմացի հատվածում ունենանք շատրվաններ»,- ասաց քաղաքապետը:
Քաղաքապետի մեկ այլ հանձնարարականով՝ պետք է արգելվի որոշ փողոցներում ծանր ավտոմեքենաների մուտքը:
Սարգսյանի խոսքով՝ դա ևս խցանումների պատճառ է: Ըստ քաղաքապետի առաջարկի՝ հնարավոր է խախտումները ֆիքսել ինքնաշխատ եղանակով՝ բացառելով մարդկային գործոնը:
«Կարծում եմ՝ որոշ իրավական փոխհարաբերությունների մեջ պետք է լինենք ճանապարհային ոստիկանության հետ, որ այդ աշխատանքն իրենց փոխարեն իրականացնենք ու արձանագրությունները տրամադրենք ոստիկանությանը: Այդտեղ կարող ենք ֆինանսական ամսով համամասնություն ունենալ, ֆիքսված տուգանքների մի մասը գա համայնքին, որպեսզի վերջինս կարողանա տեխնիկական միջոցներն արդիականացնել»,- ասաց Սարգսյանը: