Հայաստանցի սպառողը դեռ լիարժեք պահանջատեր չէ, ինչի արդյունքում էլ սննդի արտադրությունում խնդիրներ միշտ լինելու են: Սա սննդամթերիքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի դիտարկումն է: Դեռ Խորհրդային Միության հասարակարգից եկած կարծրատիպերը պահպանվել են:
Գեորգի Ավետիսյան (ՍԱՏՄ ղեկավար) - Այսպես կոչված «գործ տվողի» գաղափարից մենք պիտի կարողանանք փախչել և հետևել ու պահանջել, որ մեզ և մեր երեխաներին նորմալ սնունդ մատակարարեն:
Միայն հասարակական կազմակերպությունների և ՍԱՏՄ ռեսուրսներով անհնար է պայքարել անբարեխիղճ արտադրողների դեմ:
Սրանք այն արտադրամասերն են, որտեղ արտադրված մսամթերքը, կաթնամթերքը, հացը կամ հրուշակեղենը սպառողը տարիներ շարունակ օգտագործել է: Միայն անցած տարի նմանատիպ ավելի քան 60 արտադրամասի գործունեություն է կասեցվել: Թերությունների շտկումներից հետո դրանք վերաբացվել են: Բացի արտադրությունից՝ ժամանակակից սննդում քիչ չեն քիմիական վտանգները: Սննդամթերքում չափից ավելի կիրառվող հակաբիոտիկները, սննդային հավելումներն ու կոնսերվանտները հաճախ ներթափանցում են մարդու օրգանիզմ՝ ասում է սննդային ռիսկերի գնահատման մասնագետը:
Դավիթ Պիպոյան (ՀՀ ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար) - Օրինակ՝ թռչնամսում և մեղրի արտադրությունում հայտնաբերվել են բավականին մեծ քանակությամբ խախտումների դեպքեր՝ հակաբիոտիկների պարունակության առումով: Նույն մեր հետազոտությունը ցույց տվեց որ, այս առումով, մարդու առողջության վտանգ չկա, եթե դուք գերակտիվ մեղրի կամ հավի մսի սպառող չեք:
Իսկ հնդկաձավարում, օրինակ, հայտնաբերվել են ծանր մետաղներ: Հաճախ օգտագործելու դեպքում օրգանիզմ ներթափանցելու ռիսկերը մեծ են՝ ասում է փորձագետը: Սպառողի շահերը պաշտպանելու և սննդամթերքի անվտանգությունն ապահովելու համար պետք է ստեղծել սննդամթերքի ռիսկերը գնահատող մարմին՝ վստահ է Իրազեկ և պաշտպանված սպառող կազմակերպության ղեկավարը: Որպես օրինակ նշում է մանկապարտեզների սննդակարգը, ընդգծում՝ բացի սննդակարգում աղի քանակից՝ պետք է հետևել նաև շաքարի պարունակությանը:
Բաբկեն Պիպոյան («Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ) - Արգելվում է, օրինակ, որոշակի մթերքների օգտագործումը, որոնք բացառեցինք այն ժամանակ: Կհիշեք թունավորումներ՝ երշիկ և այլն, բայց հիմա էլ, օրինակ, թվում է՝ «հրուշակեղեն» տողի տակ է, բայց մենք պետք է հասկանանք՝ այդ հրուշակեղենը, այս վաֆլին կարո՞ղ էր այս խմբի տակ լինել, սրան գումարած՝ շաքարի նորմը, որը այս կամ այն մթերքին ավելացվել է, կարո՞ղ է արդեն շաքարի նորմն ենք գերազանցել:
Տեսչական մարմինը սննդակարգի ստուգման լիազորություն չունի, դա կարող է անել միայն ռիսկ գնահատող կառույցը: