Ռուսաստանի կառավարությունը հաստատել է օտարերկրյա պետությունների և տարածաշրջանների ցանկը, որոնք ոչ բարեկամական գործողություններ են իրականացնում Ռուսաստանի, նրա ընկերությունների և քաղաքացիների նկատմամբ՝ գրում է ТАСС-ը։
Ցուցակում ընդգրկված են ԱՄՆ-ը և Կանադան, ԵՄ երկրները, Մեծ Բրիտանիան (ներառյալ՝ Ջերսին, Անգլիան, Բրիտանական Վիրջինյան կղզիները, Ջիբրալթարը), Ուկրաինան, Չեռնոգորիան, Շվեյցարիան, Ալբանիան, Անդորրան, Իսլանդիան, Լիխտենշտայնը, Մոնակոն, Նորվեգիան, Սան Մարինոն, Հյուսիսային Մակեդոնիան, ինչպես նաև Ճապոնիան, Հարավային Կորեան, Ավստրալիան, Միկրոնեզիան, Նոր Զելանդիան, Սինգապուրը և Թայվանը:
Նշված երկրներն ու տարածքները կիրառել կամ միացել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին Ուկրաինայում ՌԴ Զինված ուժերի հատուկ ռազմական գործողության մեկնարկից հետո։
Համաձայն նոր հրամանագրի՝ Ռուսաստանի քաղաքացիներն ու ընկերությունները, ինքը՝ պետությունը, նրա մարզերն ու քաղաքապետարանները, որոնք արտարժութային պարտավորություններ ունեն ոչ բարեկամ երկրների ցանկի օտարերկրյա վարկատուների նկատմամբ, կկարողանան դրանք վճարել ռուբլով: