44-օրյա պատերազմի ընթացքում վիրավորված 1 491 զինծառայողի տրվել է հաշմանդամության կարգ: 111 անձ ստացել է 1-ին խմբի, 393-ը՝ 2-րդ, 987-ը՝ 3-րդ խմբի հաշմանդամության կարգ: Հիմնական ֆունկցիոնալ պրոթեզ ստացել է 124 անձ: Բժշկական վերափորձաքննությունից հետո հնարավոր է նվազի հաշմանդամություն ունեցողների թիվը: Մինչև տղաների լիարժեք ապաքինումը պետությունը նախաձեռնել է ծրագրեր նրանց մասնագիտական կողմնորոշման և զբաղվածության ապահովման համար:
Ռուբեն Սարգսյան (ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ) - Մոտ 330 հոգի պատերազմի մասնակիցներից ընդգրկվեցին զբաղվածության ծրագրերում և զբաղվածություն ունեցան՝ երկարաժամկետ, կարճաժամկետ զբաղվածության մասին է խոսքը:
Նախարարությունն օգնել է աշխատանք գտնել նաև պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքների մոտ 320 անդամի, ևս 90 անձի, ում ընտանիքի անդամներից որևէ մեկը զոհվել է ռազմական գործողությունների հետևանքով: Պատերազմի մասնակիցների զբաղվածության հարցը լուծվել է նաև միջգերատեսչական ծրագրերով: Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության տվյալով՝ պատերազմի մասնակիցները «Մասնագետների պատրաստման ԲՈՒՀ-մասնավոր հատված գործակցություն» ծրագրով 16 ուղղությամբ անվճար ստացել են տեխնոլոգիական կրթություն: 971 դիմորդից դասընթացն ավարտել է 280-ը, աշխատանքի անցել 9-ը:
Ռուբեն Սարգսյան - Բարձր տեխնոլոգիաների նախարարության հետ համագործակցելով՝ առանձին ուսուցման ծրագրեր մշակվեցին, որ մրցունակությունը բարձրացնենք, և հեշտ գտնեն աշխատանք: 100 հոգու դասընթաց անցկացրինք avaScript-ի հմտություններ, գիտելիքներ, որի միջոցով մի մասն աշխատանք ունեն:
Փոխնախարար Սարգսյանը կարևորում է մասնավոր ընկերությունների հետ գործակցությունը: Դրանցից մեկի հետ կնքած հուշագրով պատերազմի 100 մասնակցի հնարավորություն է տրվում անցնել վերապատրաստում, ապա նաև աշխատանքի: Եվս 100 անձ վերապատրաստվել է Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի հետ գործակցությամբ:
Ռուբեն Սարգսյան - Առանձին ծրագիր իրականացրինք միջազգային կազմակերպության գործընկերների հետ: Մոդել մշակեցինք, մասնագիտական կողմնորոշման, կարիերայի կողմնորոշման, զբաղվածության ապահովման կոմպոնենտ մշակեցինք: Արտագնա ճամբար կազմակերպեցինք, մասնակցեցին 50 հոգի, և որպես արդյունք ունենք՝ բոլորը զբաղված են:
Արմեն Աջամյանը պատերազմ է մեկնել կամավոր: Մինչև այդ, ռազմական կրթությամբ պահեստազորի սպան սովորել է նաև ծրագրավորում: Կռվել է Ակնայում, Մատաղիսում: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության առաջարկով անցել է ծրագրավորման վեցամսյա ուսուցում, հիմա աշխատում է Գյումրիում՝ հեռահաղորդակցության ոլորտում:
Արմեն Աջամյան (44-օրյա պատերազմի մասնակից) - Կանտուզիա եմ ստացել, վիրահատվել: Պատերազմից հետո հոգեբանական դժվարություններ կային: Երկրորդ անգամ ստացա ծրագրավորողի մասնագիտություն: Չեմ կարող ասել, եթե նախարարության միջոցները չլինեին, իմ մեջ ուժ կգտնեի՞ երկրորդ անգամ նստել համակարգչի մոտ: Դասընթացից հետո տարբեր տեղերից աշխատանքի առաջարկներ ստացա:
Մեկ այլ ծրագրով նախարարությունը պայմանավորվել է Հայաստանում գործող խոշոր խորհրդատվական ընկերություններից մեկի հետ. պատերազմի 30 մասնակից կանցնի վերապատրաստում: Լավագույն երեքը պրակտիկայի կմեկնեն Ֆրանսիա: Նախարարությունն ունի նաև պատերազմից հետո զորացրված զինծառայողների վերաինտեգրման ծրագրեր:
Ռուբեն Սարգսյան - Վիրավորների դեպքում առանձին օգնեցինք վերականգնողական կենտրոններից մեկին, վերապատրաստեցինք մասնագետներին, մեթոդաբանական ուղեցույց տվեցին, մասնակիցները, որ հաշմանդամություն են ստացել և վերականգնողական պրոցեդուրա են ստանում, տեղում նաև ստանան խորհրդատվություն՝ ապագայի մասով, առողջության երաշխքիներից մեկը ապագայի տեսլական ունենալն է, որը լուծվում է զբաղվածության միջոցով:
Վիրավոր, հաշմանդամություն ունեցող անձանց աշխատատեղերի հարմարեցման խնդրի լուծման համար պետությունը ֆինանսավորում է գործատուին: