ԵՄ-ին անդամակցելու Ուկրաինայի դիմումը պետք է Վրաստանի և Մոլդովայի դիմումներից առանձին դիտարկել։ Այդ մասին ասված է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրո Կուլեբայի հայտարարության մեջ, որը հրապարակել է ուկրաինական Европейская правда պարբերականը։
«Չնայած մեր վրացի և մոլդովացի գործընկերների նկատմամբ մեծ հարգանքին՝ Մոլդովայի և Վրաստանի կողմից ԵՄ-ին անդամակցության հայտեր ներկայացնելն այս պահին նման է իրենց երկու վագոնը Բրյուսել շարժվող արագընթաց ուկրաինական գնացքին միացնելու փորձին»,- ասել է Կուլեբան։ «ԵՄ-ին արագացված անդամակցության վերաբերյալ Ուկրաինայի դիմումը պետք է Վրաստանի և Մոլդովայի դիմումներից առանձին դիտարկել»,- նշել է նա։
Կուլեբան նաև քննադատել է Թբիլիսիին և Քիշնևին՝ Մոսկվայի դեմ պատժամիջոցներին չաջակցելու համար։ «Մենք բարձր ենք գնահատում վրացիների և մոլդովացիների համերաշխությունը Ուկրաինային, երախտապարտ ենք մարդասիրական օգնության համար: Սակայն, ցավոք, ո՛չ Վրաստանը, ո՛չ Մոլդովան դեռ չեն աջակցել Ռուսաստանի դեմ ԵՄ նոր պատժամիջոցներին: Այս դիրքորոշումը չի համապատասխանում Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի գործընկերային հարաբերություններին ասոցացված եռյակում և վառ կերպով ցույց է տալիս, որ Թբիլիսին և Քիշնևը պատրաստ չեն դառնալ Եվրոպայի անվտանգության իրական աջակիցը»,- ասվում է նախարարի հայտարարության մեջ։