Բելովեժյան թավուտում մեկնարկել է ռուս-ուկրաինական բանակցությունների 3-րդ փուլը: Սեղանին դրված օրակարգային հարցերի շարքում, ինչպես և երկրորդ հանդիպման ժամանակ, հումանիտար միջանցքների թեման է: Մինչ հանդիպման մեկնարկը ռուսական պատվիրակության ղեկավարը լրագրողների հետ զրույցում բարձրաձայնել է իր մտահոգությունները՝ կապված հումանիտար միջանցքների հետ:
Վլադիմիր Մեդինսկի (Ռուսական պատվիրակության ղեկավար, ՌԴ նախագահի օգնական) - Մենք այսօր կրկին կփորձենք ուկրաինական կողմի հետ քննարկել հումանիտար միջանցքների շահագործման ռեժիմը. այն քաղաքներում, որտեղ մենք խոստացել էինք, այդ միջանցքները բաց են: Ցավոք, դրանցից գրեթե ոչ մեկն ամբողջությամբ չաշխատեց:
ԲԱՑՎԵԼ Է 6 ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ՄԻՋԱՆՑՔ
Կիևից, Մարիուպոլից, Սումիից և Խարկովից առավոտյան 6 հումանիտար միջանցք է բացվել՝ խաղաղ բնակչության տարհանումը կազմակերպելու նպատակով: Ռուսաստանի ՊՆ-ից վստահեցրել էին, որ դրանց մի մասով բնակչությունը կարող էր հեռանալ Ռուսաստան: Հումանիտար միջանցքներ բացելուն կողմ է նաև Կիևը, սակայն երթուղիների հարցում առկա են լուրջ հակասություններ։ Ուկրաինայի փոխվարչապետը Ռուսաստանին կոչ է արել համաձայնեցնել այնպիսի մարդասիրական միջանցքներ, որոնք դուրս են գալիս դեպի Ուկրաինայի կողմից վերահսկվող շրջաններ:
Իրինա Վերեշչուկ (Ուկրաինայի փոխվարչապետ) - Մենք պահանջում ենք Ռուսաստանի Դաշնությունից ընդունել մեր երթուղիները, ինչպես նաև հաստատել հրադադար, որի շուրջ մենք կպայմանավորվենք: Ես կոչ եմ անում Էմանուել Մակրոնին, Բորիս Ջոնսոնին, Ջո Բայդենին. խնդրում եմ օգնեք բացել իրական և արդյունավետ մարդասիրական միջանցքներ, որոնք կփրկեն հարյուր հազարավոր մարդկանց, այդ թվում՝ օտարերկրյա քաղաքացիների կյանքեր:
Ռուսական կողմն իր հերթին մեղադրում է ուկրաինական ուժերին, որոնք, ըստ ՌԴ պաշտպանական գերատեսչության, խոչընդոտում են քաղաքացիների տարհանմանը՝ նրանց օգտագործելով որպես կենդանի վահան։ Որպես իրավիճակի լուծում Կրեմլի առաջնորդը Եվրոպական խորհրդի ղեկավարին կոչ է արել ճնշում գործադրել Կիևի վրա, ստիպել հարգել մարդասիրական իրավունքը։ Վլադիմիր Պուտինը Շառլ Միշելի հետ հեռախոսազրույցի ընթացքում էլ շեշտել է, որ իր երկիրը մի քանի անգամ հայտարարել է բնակչության տարհանման «լռության ռեժիմ»։
«Ուկրաինական ազգային գումարտակները կանխում են դա՝ դիմելով բռնությունների»,- մտահոգություն է հայտնել Պուտինը:
Բացել հումանիտար միջացք, որը տանում է դեպի Ռուսաստան՝ կեղծավորություն է. թեմային արձագանքել է Ֆրանսիայի առաջնորդը: Էմանուել Մակրոնի խոսքով՝ Փարիզը դատապարտում է նման մոտեցումը:
Մոսկվան բոլոր կոչերին ու հորդորներին արձագանքում է գրեթե նույնաբովանդակ պատասխանով՝ Ռուսաստանը պատրաստ է ցանկացած պահի դադարեցնել ռազմական գործողությունը, եթե Կիևը կատարի Մոսկվայի պահանջները: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Reuters գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ ռազմական գործողությունը կդադարեցվի, եթե Ուկրաինան դադարեցնի ռազմական գործունեությունը, սահմանադրորեն ամրագրի իր չեզոք կարգավիճակը, ճանաչի Ղրիմը որպես Ռուսաստանի մաս, ինչպես նաև Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների անկախությունը։
ՈՒԿՐԱԻՆԱՅԻՑ 10 ՕՐՈՒՄ 1,5 ՄԻԼԻՈՆ ՄԱՐԴ Է ՀԵՌԱՑԵԼ
Իսկ մինչև այդ Ուկրաինայում ընթացող ռազմական գործողությունների հետևանքով երկրում ստեղծվել է աղետալի հումանիտար իրավիճակ։ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի տվյալների համաձայն՝ Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողությունների 10 օրվա ընթացքում արդեն 1,5 միլիոն փախստական է տեղափոխվել հարևան պետություններ: ՄԱԿ-ի գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդիի համոզմամբ՝ սա Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր ամենաարագ աճող միգրացիոն ճգնաժամն է Եվրոպայում: Մինչև հինգ միլիոն փախստականի մուտք ԵՄ երկրներ՝ կանխատեսում է արել ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը, շեշտել՝ սա առաջացրել է հսկայական հումանիտար խնդիրներ:
Ժոզեպ Բորել (ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ) - Մենք պետք է պատրաստ լինենք ընդունելու Եվրոպայում շուրջ 5 միլիոն մարդու։ Սիրիական ճգնաժամի ընթացքում, որը համարվում է «միգրանտների ճգնաժամ» Եվրոպայում, մենք խոսում էինք 1,5 միլիոն փախստականի մասին։ Հիմա լրիվ այլ պատկեր է:
Ուկրաինայից ամենաշատ փախստականների ընդունել է Լեհաստանը։ Ըստ այդ երկրի սահմանապահ ծառայության՝ մինչ օրս Լեհաստան է տեղափոխվել Ուկրաինայի մոտ միլիոն քաղաքացի։ Լեհաստանի կառավարությունը փախստականներին օգնելու նպատակով հատուկ հիմնադրամ է ստեղծել, որի գործունեության համար հատկացրել է 1,6 միլիարդ եվրո:
Մատեուշ Մորավեցկի (Լեհաստանի վարչապետ) - Մեր կառավարությունը անելու է հնարավորը փախստականներին օգնելու համար: Այս հիմնադրամը շատ կարևոր գործառույթներ ունի: Մեր երկրում արդեն գրեթե մեկ միլիոն փախստական կա, մեծ մասը կանայք և երեխաներ են, ամենախոցելի խումբը մարդկանց:
Իսկ այդ ընթացքում փախստականների շարքերն ավելանում են Լեհաստանի սահմանին: Մինչև տասնյակ հազարավոր մարդիկ կհատեն երկրի սահմանը, ժամեր, անգամ օրեր ստիպված կլինեն անցկացնել վրաններում և ժամանակավոր կացարաններում: