Միջազգային վարկանիշային կազմակերպությունները Ուկրաինայում տեղի ունեցող գործողությունների ֆոնին նվազեցնում են Ռուսաստանի վարկանիշը: «Ֆիթչի» և «Ստանդարտ ընդ փուրսի» նվազեցումներից հետո «Մուդիսը» նախորդ շաբաթ արդեն 2-րդ անգամ է իջեցրել Ռուսաստանի վարկանիշը B3-ից մինչև Ca՝ բացասական հեռանկարով: 1998 թվականից ի վեր սա ամենաբացասական ցուցանիշն է:
Սոս Խաչիկյան (ՀՊՏՀ ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետի դեկան) - Ca մակարդակը նախավերջին կետն է, գրեթե անվճարունակության կետն է, դրանից բավականին քիչ, փոքր քայլ է մնում, և այս մակարդակում արդեն միջազգային գործընկերների կողմից, միջազգային խաղացողների կողմից անվճարունակության մասին հայտարարելը բավականին փոքր քայլ է, կարճ քայլ է, և անվճարունակության խնդիր Ռուսաստանը կարող է ունենալ:
Կառույցի կանխատեսմամբ՝ հնարավոր է՝ Ռուսաստանը չվճարի պետական պարտատոմսեր ձեռք բերած օտարերկրացիներին: Վարկանիշի իջեցումը Ռուսաստանի տնտեսության վրա մեծ ազդեցություն չի ունենա, քանի որ մինչև այդ էլ պատժամիջոցները լուրջ վնաս էին հասցրել՝ կարծում է ֆինանսիստ Նարեկ Զաքարյանը:
Նարեկ Զաքարյան (ֆինանսիստ) - Եթե սովորական իրավիճակ լիներ, և այսպիսի կտրուկ անկում լիներ գնահատականների, դա կունենար շատ ծանր ազդեցություն, այլևս որևէ մեկը չէր ցանկանա պարտքով գումար տրամադրել, թե՛ Ռուսաստան պետությանը, թե՛ ռուսաստանյան կազմակերպություններին, դրա արդյունքում տոկոսները կտրուկ կբարձրանային: Իսկ այս դեպքում, երբ առհասարակ ֆինանսական գործընթացները, ֆինանսական փոխանցումները գրեթե կանգնում են արևմտյան ներդրողների և Ռուսաստանի միջև, էս դեպքում, բնականաբար, նոր ազդեցություն սպասել գնահատականների իջեցումից՝ դժվար է:
Բացասական կանխատեսումն արտացոլում է մակրոտնտեսական կայունության համար զգալի ռիսկերը, որոնք բխում են Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններից և դրան հետևած Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառումից:
Սոս Խաչիկյան - Այդ միանգամից կտրուկ նվազեցումը նաև կտրուկ նվազեցնելու է Ռուսաստանի հնարավորությունները արտաքին տնտեսական հարաբերությունների մեջ: Դրա ազդեցությունը Հայաստանի վրա նվազագույնի հասցնելու համար պարզապես շատ կարճ ժամանակահատվածում շատ խոշոր քայլեր են պետք տնտեսության դիվերսիֆիկացման համար:
Այս պահին դժվար է կանխատեսել, թե վարկանիշերն առաջիկայում ինչ փոփոխությունների կենթարկվեն, քանի որ գործոնները տնտեսական չեն՝ նշում են մասնագետները:
Նարեկ Զաքարյան - Ամեն ինչ ուղղակիորեն կախված է քաղաքական զարգացումներից, սովորաբար այդ կազմակերպությունները ավելի շատ աշխատում են տնտեսական գործոնների, տնտեսական փոփոխականների գնահատում իրականացնել, իսկ քաղաքական իրավիճակը բնականաբար ֆինանսիստների համար անկանխատեսելի է, և չկա որևէ բանաձև, որի օգնությամբ կարելի լինի կանխատեսել քաղաքական զարգացումները:
«Մուդիս» գործակալության կանխատեսմամբ՝ Ռուսաստանի Համախառն ներքին արդյունքը այս տարի կնվազի 7 տոկոսով:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան