Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 4-7-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 196 դեպք, որից 14-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես, բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 58, մարմնական վնասվածք պատճառելու՝ 23, թմրամիջոցի հայտնաբերման՝ 17, խարդախության՝ 12, սառը զենքի հայտնաբերման՝ 10, զենք-զինամթերքի առգրավման, ընտանեկան բռնության և ծանր վիրավորանքի՝ 6-ական, անձի առևանգման, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու ու ծեծի՝ 4-ական, բնակարանային գողության, յուրացնելու կամ վատնելու, ապօրինի ծառահատման և որսագողության՝ 3-ական, կողոպուտի, շորթման, հարկերից խուսափելու, խուլիգանության և պաշտոնեական կեղծիքի կամ անփութության՝ 2-ական, մահվան ելքով մարմնական վնասվածք պատճառելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու, դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի, հրապարակային սակարկությունների անցկացման կարգը չարամտորեն խախտելու, ծնողի կամ այլ մերձավոր ազգականի և երեխայի միջև տեսակցության իրականացմանը խոչընդոտելու, երեխայի կյանքի անվտանգության ապահովման կամ առողջության պահպանման պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալու, փաստաթղթի կեղծիքի ու բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 2 անհետ կորած, 11 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 4 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 10 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 10, մարմնական վնասվածք պատճառելու, բնակարանային գողության, խարդախության և ապօրինի ծառահատման 1-ական դեպք։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 36 պատահար. 5 մարդ զոհվել է, 58-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: