Ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է հերթական լրտեսական-գործակալական ցանցը, որը ստեղծվել է Հայաստանում և Արցախում՝ օտարերկրյա հատուկ ծառայությունների աշխատակիցների կողմից: Գործակալական ցանցի կազմում ներգրավված են եղել զինված ուժերի տարբեր ստորաբաժանումների նախկին և ներկա ծառայողներ, Արցախի պետական մարմինների որոշ աշխատակիցներ։
Պարզվել է, որ նրանց հավաքագրելու, դյուրին և անխոչընդոտ գործունեություն իրականացնելու, ռիսկերը նվազեցնելու նպատակով օտարերկրյա հատուկ ծառայությունները սոցիալական կայքերում տեղադրել են արտերկրում բարձր վարձատրությամբ աշխատանքի ընդունելու վերաբերյալ գովազդային կեղծ հայտարարություններ՝ որպես պայման առաջարկելով հավելվածը բացելու միջոցով լրացնել աշխատանք փնտրող անձի կենսագրական տվյալները:
Հետագայում՝ հատուկ ծառայությունների աշխատակիցները՝ գումարի դիմաց, առաջարկել են տեղեկություններ տրամադրել Արցախի ու Հայաստանի ռազմավարական նշանակության օբյեկտների, ռազմական տեխնիկայի, զորամասերի, սպառազինության, ռազմամթերքի, զինվորականների, նրանց թվի և տեղակայման վայրերի, մարտական դիրքերի, պետական և ծառայողական գաղտնիք պարունակող փաստաթղթերի վերաբերյալ։
Ընդ որում, հավաքագրված անձինք օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցիչների առաջարկով հանդիպել են երրորդ երկրներում, ստացել ծածկանուններ, ստորագրել օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցիչների հետ գործակցության հանգամանքը հավաստող փաստաթղթեր, դարձել հաստիքային գործակալներ: Նրանց հատկացվել են անհրաժեշտ տեխնիկական սարքավորումներ, այդ թվում՝ հատուկ ծրագրային ապահովմամբ և տեխնիկական միջոցներով հագեցված համակարգիչներ:
Քրեական գործով նաև ձեռք են բերվել փաստական տվյալներ, որ գործակալական ցանցում ընդգրկված որոշ անձինք նախապես տեղեկացված են եղել Արցախի դեմ սպասվող պատերազմի և դրա հստակ օրվա մասին: Մինչև պատերազմի սկսվելը, գործակալները տեղեկություն են հավաքել և բջջային տարբեր հավելվածների միջոցով հատուկ ծառայությունների ներկայացուցիչներին են փոխանցել Արցախի տարածքում տեղակայված հակաօդային պաշտպանության միջոցների տեսակների, քանակի, գտնվելու վայրերի, բարձրագույն հրամանատարական կազմի կենսորոշիչ տվյալներ, որով հակառակորդին ընձեռել են իրական հնարավորություն կատարելու ուժերի և միջոցների ճշգրիտ հաշվարկներ, իրականացնել թիրախավորված հարվածներ, շարքից հանել հակաօդային պաշտպանության միջոցները, ոչնչացնել ռազմավարական նշանակություն ունեցող պահեստները:
Պետական դավաճանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է 16 անձ, նրանց մի մասը տվել է խոստովանական ցուցմունք: 10-ը դատարանի որոշմամբ կալանավորվել է: Պետական դավաճանություն կատարած անձանց մի մասը բռնվել է հերթական անգամ առաջադրանք կատարելու պահին. ԱԱԾ աշխատակիցների կողմից կանխվել է տեղեկության հետագա փոխանցումը: Ազգային անվտանգության ծառայությունը հորդորում է հատկապես զինծառայողներին, զերծ մնալ սոցիալական ցանցերով կամ այլ եղանակով կասկածելի անձանց հետ ծանոթություններ հաստատելուց, առավել ևս՝ նրանց հետ անվտանգությանն ու պաշտպանությանը վերաբերող հարցեր քննարկելուց:
Ազգային անվտանգության ծառայությունը հիշեցնում է, որ քրեական օրենսգրքի համաձայն՝ պետական դավաճանություն կամ լրտեսություն կատարելու համար նախատեսված հանցանքներ կատարած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե իշխանության մարմիններին կամովին հայտնում է կատարվածի մասին ու օժանդակում է հետագա վնասի կանխմանը: