ՀՀ հաշվեքննիչ պալատի կողմից «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ում իրականացված հաշվեքննության արդյունքներով պարզվել է, որ նշված կազմակերպության շահառուի կողմից, որը 2020 թ. ընթացքում տուն-ինտերնատից չի բացակայել, նույն թվականին կատարվել են անշարժ գույքի գործարքներ:
Այս կապակցությամբ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում նախաձեռնվել է ուսումնասիրություն: Արդյունքում՝ դատախազի կողմից կայացվել է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով քրեական գործ հարուցելու մասին որոշում և ուղարկվել ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչություն՝ նախաքննություն կատարելու և կատարվածի բոլոր հանգամանքները պարզելու հանձնարարությամբ:
Կատարված ուսումնասիրությամբ, ինչպես նաև նախաքննությամբ ձեռք բերված տվյալներով պարզվել և հիմնավորվել է, որ ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վճռով Գ. Դ.-ն 2016 թ. ապրիլի 15-ին ճանաչվել է անգործունակ և նույն թվականին ընդունվել «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ:
2016 թ. օգոստոսի 22-ից Գ. Դ.-ն հանդիսացել է կազմակերպության խնամարկյալը:
Ըստ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 37-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ «Խնամակալության և հոգաբարձության կարիք ունեցող և համապատասխան դաստիարակչական, բուժական, բնակչության սոցիալական պաշտպանության կամ նման այլ հաստատություններում գտնվող կամ, տեղավորված քաղաքացիների խնամակալներն ու հոգաբարձուներն այդ հաստատություններն են»:
Պարզվել է, սակայն, որ Օձուն համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովը, ուսումնասիրելով Գ. Դ.-ի հորեղբոր դիմումը և հիմք ընդունելով ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2016 թ. Գ.Դ.-ին անգործունակ ճանաչելու մասին վճիռը, ինչպես նաև վերջինիս հոգեբուժարանում գտնվելու հանգամանքը, 2020 թ. փետրվարի 27-ի եզրակացությամբ հորեղբորը ճանաչել է Գ. Դ.-ի խնամակալը: Այսինքն՝ անտեսվել է այն հանգամանքը, որ Գ.Դ.-ն 2016 թ. օգոստոսի 22-ից գտնվել է Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատում, և օրենքով սահմանված կարգով նրա խնամակալը հանդիսացել է տվյալ կազմակերպությունը, հետևաբար նրա իրավունքների և շահերի պաշտպանության ապահովումը հանդիսացել է բացառապես տվյալ կազմակերպության իրավասությունը:
Հետագայում Օձուն համայնքի ղեկավար Ա. Տիտանյանը տվել է նաև համաձայնություն՝ հորեղբոր կողմից Գ. Դ.-ի գույքն օտարելու վերաբերյալ, ինչի իրավասությամբ Օձուն համայնքի ղեկավարն օրենքով օժտված չի եղել:
Այս ամենի արդյունքում Գ. Դ.-ին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքերն օտարվել են:
Նախաքննության ընթացքում ձեռնարկված միջոցների արդյունքում վերջինիս պատկանող անշարժ գույքերը՝ Լոռու մարզի Արևածագ գյուղում գտնվող տան 1/2 բաժնեմասն ամբողջությամբ, նույն համայնքում գտնվող 3 վարելահողերը դրանք ձեռք բերողների կողմից ինքնակամ նվիրատվության պայմանագրով վերադարձվել են Գ.Դ.-ին, ՀՀ կադաստրի կոմիտեում հաշվառվել նրա անվամբ:
Միաժամանակ, գնահատականներ են տրվել նաև համայնքի ղեկավար Ա. Տիտանյանի գործողություններին: Նրա արարքը քննարկելով ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ (Պաշտոնեական անփութությունը) հոդվածի 2-րդ մասի տիրույթում և հաշվի առնելով, որ Գ. Դ.-ի բոլոր անշարժ գույքերը հետ են վերադարձվել նրան, վերականգնվել է ենթադրյալ հանցանքի կատարման պահին առկա իրադրությունը, ինչպես նաև այն հանգամանքը, որ համայնքի ղեկավարի կողմից կատարված միջին ծանրության հանցանքն իրադրության փոփոխման հետևանքով դադարել է հանրության համար վտանգավոր լինելուց՝ որոշում է կայացվել քրեական գործով վարույթը կարճել և նրա նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել: