137-օրյա պայքարից հետո Մարիա Չիչովան և փոքրիկ Անդրեն դուրս են գրվում ծննդատնից: Մարիայի չորրորդ երեխան ծնվել է հոկտեմբերի 21-ին Վանաձորում՝ խոր անհասությամբ և նույն օրը տեղափոխվել Երևան:
Արմեն Գասպարյան (Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի փոխտնօրեն) - Երեխան «Մուրացանի» արտագնա ռեանիմացիոն բրիգադով տեղափոխվեց մեզ մոտ Կիրովականից 540 գրամ քաշով, և, որը շատ ավելի կարևոր է՝ 23 շաբաթ 3 օր հղիության ժամկետից ծննդաբերած: Երեխայի վիճակը ծայրահեղ ծանր էր տեղափոխման պահին: Մեր նեոնատոլոգների թիմն անմիջապես անցավ աշխատանքի, և այսօր արդյունքը տեսանք:
Ազգությամբ ռուս Ալեքսեյի և Մարիայի չորս երեխաներն էլ այստեղ՝ Հայաստանում են ծնվել: Ամուսինների խոսքով՝ եթե մայրիկի առողջությունը թույլ տա, կմտածեն նաև հինգերորդ երեխան ունենալու մասին:
Մարիա Չիչովա - Մեր երեխան այստեղ չորս ամիս ապրեց: Ծննդատանը շատ ջերմ ընդունեցին, հոգ տարան և, կարևորը՝ արեցին հնարավորը, որ փրկեն Անդրեյի կյանքը: Ծանր օրեր ենք ունեցել, բայց հիմա արդեն երջանիկ եմ: Անդրեյին երկար ժամանակ լուսանկարներով ու տեսանյութերով եմ տեսել: Հուսով եմ՝ նրա մոտ հետագայում ամեն ինչ լավ կլինի, և բարդություններ չեն առաջանա:
Ալեքսեյ Չիչով - Բարձր տրամադրություն ունեմ, որ երեխայիս մոտ ամեն ինչ լավ է, և վերադառնում ենք տուն: Շնորհակալ եմ բժշկական ամբողջ անձնակազմից, որ փրկեցին որդուս կյանքը:
Բժիշկներն ասում են՝ եզակի դեպք է՝ այսքան ցածր քաշով և գեստացիոն վաղ ժամկետում երեխայի ապրելիության և հետագայում առողջական որևէ խնդիր չունենալու առումով: Մասնագետների խոսքով՝ վերջին շրջանում քիչ չեն այսպիսի դեպքերը, բայց 540 գրամ ծնունդ դեռ չէին ունեցել:
Անաիդա Ասատրյան (Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի նորածնային բաժանմունքի վարիչ) - Երեխան գրեթե մեկ ամիս եղել է միացված թոքերի արհեստական շնչառության սարքին և ինքնուրույն չի կարողացել շնչել, այնուհետև ինտենսիվ բուժման շնորհիվ հաջողվել է երեխային տեղափոխել այլ շնչառական սարքերի, աջակցությունը կազմակերպել: Երեխան այս պահին չունի ռետինոպաթիա, չնայած դեռևս դուրսգրումից հետո այս երեխաների հսկողությունը շարունակվելու է:
Փոքրիկ Անդրեյի դուրսգրմանը ներկա էր նաև առողջապահության նախարարը: Անահիտ Ավանեսյանը նախ բազմազավակ մորը՝ Մարիային շնորհավորեց, շնորհակալություն հայտնեց նաև բժիշկներին՝ Անդրեյի կյանքը փրկելու համար:
Անահիտ Ավանեսյան (ՀՀ առողջապահության նախարար) - Թերքաշությունը բավական մեծ խնդիր է ոչ միայն Հայաստանում, այլ նաև շատ այլ երկրներում, և նման փոքր քաշ ունեցող բալիկների հետծննդյան խնամքը ճիշտ կազմակերպելը և նրանց ճիշտ բժշկական օգնություն ցուցաբերելը մեր երկրի կարևորագույն ձեռքբերումներից են: Պետք է ասեմ, որ մայրական և մանկական մահացության ընդհանուր ցուցանիշներով Հայաստանը բավական լավ տեղ է գրավում, և մենք պետք է ամեն ինչ անենք դրանք ավելի բարելավելու համար:
Ծնունդից ավելի քան 4 ամիս հետո փոքրիկի քաշն արդեն 3 կգ 700 գրամ է: Մարգարյան ծննդատան ռեանիմացիոն բաժանմունքում էքստրեմալ ցածր քաշով այս պահին 8 երեխա կա: էքստրեմալ ցածր է համարվում 1000 գրամից պակաս քաշով ծնված երեխան: