ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով և 244-րդ հոդվածով հարուցված քրեական գործով իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի ունեցած՝ մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարի հանգամանքները:
Դեպքի առթիվ 2022 թ. մարտի 6-ին՝ ժամը 08:10-ին, ահազանգ էր ստացվել, որ նշված ավտոճանապարհի Չարենցավանի ցուցանակի մոտ անհայտ անձի դիակ կա:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն օրը ենթադրյալ հանցագործություն կատարած անձն իր կողմից վարած BYD մակնիշի ավտոմեքենայով հիշյալ ավտոճանապարհի 30 կմ հատվածում՝ դեպի Երևան ընթացող ուղղության վրա, վրաերթի է ենթարկել Հրազդան քաղաքի 49-ամյա բնակչին և թողնելով ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը՝ դիմել է փախուստի՝ տղամարդուն անզգուշությամբ պատճառելով մահ:
Նախաքննության ընթացքում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում վարույթն իրականացնող մարմնին է ներկայացվել Երևան քաղաքի բնակիչը, որը հարցաքննվել է և տվել ինքնախոստովանական ցուցմունք:
Նշանակվել են դիակի դատաբժշկական, տոքսիկոքիմիական փորձաքննություններ, BYD մակնիշի ավտոմեքենան առգրավվել է, 49-ամյա տղամարդը ճանաչվել է տուժող:
Երևանի բնակիչը ձերբակալվել է:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: