ՍԱՈՒԴՅԱՆ ԱՐԱԲԻԱ
ԱՆՍՈՎՈՐ ՃԱՇԿԵՐՈՒՅԹ` «ԿԱՂԱՄԱՐԻ ԽԱՂԻ» ԵՐԿՐՊԱԳՈՒՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Կորեական «Կաղամարի խաղը» սերիալի սաուդցի երկրպագուներն այժմ կարող են անսովոր ճաշկերույթի մասնակցել մայրաքաղաք Էր-Ռիադի ռեստորաններից մեկում:
Այնտեղ ամեն ինչ հիշեցնում է դրվագներ «Կաղամարի խաղից», նույնիսկ մատուցողներն են ֆիլմի հերոսների հագուստներով: Կազմակերպում են խաղեր, որտեղ ռեստորանի պարտվող այցելուներին իբր կրակում են խաղալիք ատրճանակներով: Արել են հնարավոր ամեն ինչ` ավելի շատ հաճախորդների գրավելու նպատակով:
Սուլթան Մոմթազ (ռեստորանի մենեջեր) - Մենք մեր հաճախորդներին որոշակի փորձություններ ենք առաջարկում, նա, ով կարողանում է բարեհաջող հաղթահարել բոլոր փորձությունները, 20 տոկոսի զեղչ է ստանում:
Եվ պատկերացրեք, որ շուկայագիտական այս հնարքը բավականին լավ աշխատում է Էր-Ռիադում: Ռեստորանի այցելուները վստահեցնում են, որ հատկապես իրենց երեխաներն են ստիպում, որ գան այս ռեստորան և տեղում տեսնեն այն ամենը, ինչ առաջարկում են: Այստեղ նրանց հաջողվում է մի փոքր կտրվել առօրյա հոգսերից: Այս ռեստորանում նույնիսկ ծննդյան տարեդարձեր ու ավարտական երեկույթներ են նշում:
ՊԱՂԵՍՏԻՆ
ՊԱՂԵՍՏԻՆՑԻՆԵՐԸ ՁԻԹԱՅՈՒՂԻՑ ՕՃԱՌ ԵՆ ՊԱՏՐԱՍՏՈՒՄ
Պաղեստինի Նաբլուս քաղաքում գտնվող օճառի գործարանում աշխատակիցները հինգ օր շարունակ հսկա կաթսայի մեջ եփում են ձիթայուղի, սոդայի և ջրի խառնուրդը:
Երբ այն հասնում է ճիշտ խտության, խառնուրդը լցնում են պլաստմասսայե թիթեղների վրա, որոնք դրված են ընդարձակ սենյակի հատակին: Հետո թողնում են, որ եփված զանգվածը ամրանա ու չորանա: Այնուհետև մակերեսը բաժանում են օճառի սալիկների, կտրատում դրանք և գործարանի տարբերանշանը դրոշմելուց հետո ուղարկում շուկա` վաճառքի:
Նաբլուսում օճառի այսպիսի ընդամենը երկու գործարան է մնացել: Այս մեկը 150 տարի առաջ է հիմնադրվել: Մինչև օրս այն օգտվում է ավանդական բաղադրատոմսից և պատրաստման տեխնիկայից: Ամբողջ գործընթացը տևում է ավելի քան 70 օր:
Ահմեդ Դվեյքաթ (օճառի գործարանի 30-ամյա աշխատակից) - Մենք խառնուրդին ոչինչ չենք ավելացնում: Օրինակ՝ շուկայում կան օճառներ, որոնց էսենցիա, կոճապղպեղ են ավելացնում, մենք այդպես չենք վարվում: Միայն ձիթայուղ, սոդա և ջուր ենք օգտագործում:
Հսկա կաթսայում մոտ չորս տոննա օճառի խառնուրդ են եփում, դրանից միջինը 36 հազար կտոր օճառ է ստացվում: Գործարանի արտադրանքի կեսն արտահանվում է: Սակայն Նաբլուսի օճառի պահանջարկը նվազել է` գրավիչ բուրմունքներով ժամանակակից օճառների մրցակցությանը չդիմանալու պատճառով: Ահա թե ինչու, հատկապես վերջին 50 տարվա ընթացքում Նաբլուսում օճառի գործարանների թիվը կտրուկ նվազել է` 35-ից հասնելով ընդամենը երկուսի:
ԻՐԱՔ
ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ԻՐԱՔԻ ԿՐԿԵՍ
Բաղդադ է վերադառնում «Գամալ ալ Հելո» կոչվող կրկեսը: Այստեղ կարելի է հանդիպել գրավիտացիոն ուժին հակասող հնարքների և վառվող օղակների միջով ցատկող առյուծների: Ավելի քան 20 տարվա բացակայությունից հետո եգիպտական կրկեսային խումբը մեկ ամիս շարունակ ելույթ կունենա Իրաքի մայրաքաղաքում:
Հանդիսատեսը հիացմունքով է դիտել շոուն: Շատ երեխաներ իրենց կյանքում առաջին անգամ են կրկես այցելել:
Արվա Ահմեդ (կրկեսի հանդիսատես) - Մթնոլորտը շատ գեղեցիկ է, մենք եկել ենք իմ քույրերի և երեխաների հետ, նրանք այնքան ոգևորված են, ինչ-որ նոր բան են տեսնում:
«Գամալ ալ Հելո» կրկեսն առաջին անգամ ելույթ է ունեցել Բաղդադում 1997 թվականին և դրանից հետո չի վերադարձել՝ Իրաքում բռնկված պատերազմների և հակամարտությունների պատճառով: Սակայն շոուի տնօրեն Կամիլա ալ Հելոն ասել է, որ իրենք միշտ էլ ցանկացել են վերադառնալ իրաքցի հանդիսատեսի մոտ:
Մեկ ժամ տևողությամբ շոուին մասնակցում են արտիստներ Ուկրաինայից, Ռուսաստանից, Եթովպիայից և Եգիպտոսից, որոնք հանդիսատեսին զվարճացնում են ակրոբատիկ հնարքներով և մարմնամարզությամբ: Շոուում ելույթ են ունենում նաև աճպարարներ ու ծաղրածուներ:
Կրկեսի տնօրենը վստահեցրել է, որ ներկայում Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները չեն փչացրել իր թիմի ռուս և ուկրաինացի անդամների հարաբերությունները, և նրանք շարունակում են մնալ մեկ ընտանիքի անդամ:
ԲՐԱԶԻԼԻԱ
ՀԱՄԱՃԱՐԱԿԻՑ ՀԵՏՈ ՌԻՈՅԻ ՍԱՄԲԱՅԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ԿԱՌՆԱՎԱԼԻՆ
Ռիո դե Ժանեյրոյի քաղաքապետ Էդուարդո Պաեսն այցելել է խորհրդանշական Սամբոդրոմո քաղաքի սամբայի դպրոցներ, որպեսզի փորձարկի տեղի լույսերը։
Սամբայի դպրոցի անդամները պարել են, իսկ գունավոր տարազներ հագած երաժիշտները`նվագել:
Էդուարդո Պաես (Ռիո Դե Ժանեյրոյի քաղաքապետ) - Պատվաստանյութը կպահպանի մեր կյանքը, թույլ կտա մեզ նորից գրկախառնվել և, Աստծո կամոք, պարել Ռիոյի կառնավալում:
Սամբայի դպրոցների մասնակիցները վստահեցնում են, որ արդեն վաղուց կարոտել են այս վայրին, այն մթնոլորտին, որը սովորաբար լինում է կառնավալների ժամանակ, և, վերջապես, իրենց հանդիսատեսին, որոնցից մեծ ջերմություն են ստանում:
Այս տարի կորոնավիրուսի համավարակի պատճառով Ռիոյի հայտնի կառնավալները հետաձգվել են մինչև ապրիլ:
ԲՈԼԻՎԻԱ
ԲՈԼԻՎԻԱՅՈՒՄ ԿԱՌՆԱՎԱԼՆ ԱՆՑԵԼ Է ՄԵԾ ՇՈՒՔՈՎ
Բոլիվիայի Սուկրե և Լա Պաս քաղաքների միջև է գտնվում պատմական Օրուրո քաղաքը: Հենց այստեղ է անցկացվել բոլիվիական ավանդական կառնավալը: Գլխապտույտ առաջացնող գույների առատություն, երգ ու պար:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչված ամենամյա այս արարողության ժամանակ բոլիվիական տարազ հագած պարուհիները շրջում են ամբողջ քաղաքում: Կառնավալին մասնակցում է մոտ 130 համայնք: Նրանցից յուրաքանչյուրն ինքնատիպ հանդերձանք է կրում և յուրահատուկ պար ներկայացնում` ի պատիվ Սոկավոնի կույսի:
Տասնյակ երաժիշտներ և խմբեր կատարել են մոտ 18 ավանդական կառնավալային պարեր: Տոնակատարությունը տևել է ավելի քան 20 ժամ: Տոնական շքերթի երկարությունը 5 կիլոմետր է եղել: Շոուի վերջում մասնակիցները հավաքվել են Սոկավոնի կույսի սրբավայրում:
Բոլիվիայի հավատացյալները կարծում են, որ Սոկավոնի կույսը, որը նաև հայտնի է որպես Կադելարիայի կույս, պաշտպանել է քաղաքն 1606 թվականին իսպանացիների կողմից հիմնադրվելու շրջանից:
ՀՈՐԴԱՆԱՆ
ԱՄՆ-Ն ՀՈՐԴԱՆԱՆԻՆ Է ՎԵՐԱԴԱՐՁՐԵԼ ԻՆԸ ՀՆՈՒԹՅՈՒՆ
ԱՄՆ-ից Հորդանանի մայրաքաղաք Ամման են վերադարձվել այն ինը հնությունները, որոնք մաքսանենգ ճանապարհով էին իրացվել:
ԱՄՆ-ի դեսպանատան տարածած հաղորդագրության համաձայն՝ այս արտեֆակտներն անօրինական կերպով Հորդանանից տեղափոխվել են ԱՄՆ, որտեղ դրանք ձեռք է բերել Նյու Յորքում բնակվող հնաոճ իրերի մի հավաքորդ: Ավելի ուշ, սակայն, ԱՄՆ-ի ներքին անվտանգության դեպարտամենտը դրանք հայտնաբերել է:
Հենրի Վուսթեր (Հորդանանում ԱՄՆ դեսպան) - Սա պատմական օր է, քանի որ մենք ականատես ենք լինում ԱՄՆ-ից մաքսանենգորեն տեղափոխված Հորդանանի հնությունների առաջին վերադարձին, որը տեղի է ունեցել 2019 թվականին ԱՄՆ-Հորդանան մշակութային արժեքների պաշտպանության համաձայնագրի կիրարկման միջոցով:
Վերադարձված հնություններից են կենդանիների՝ նեոլիթյան քարե արձանիկներ, քարե զոհասեղան, տապանաքարեր, մարդու արձանիկ և բրոնզե սափոր:
ԱՄՆ
«ՄԱՐԴԻ ԳՐԱՍԸ» ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՀԱՄԱՃԱՐԱԿԻՑ ՀԵՏՈ
Ամերիկյան Լուիզիանա նահանգի Նոր Օռլեան քաղաքում կորոնավիրուսի համաճարակի թուլացմանը զուգընթաց վերադարձել է ամենահայտնի տոնակատարություններից մեկը` Մարդի Գրասը, որը կառնավալի ամերիկյան տարբերակն է:
Սա մի միջոցառում է, որն իր ավանդական գույներն ունի. մարդիկ այդ օրը սովորաբար ոսկեգույն, կանաչ ու մանուշակագույն հանդերձանք կամ որևէ զարդարանք ենք կրում: Շքերթի մասնակիցները, որոնք զարդարված հսկա մեքենաներով են առաջ շարժվում, մարդկանց ուղղությամբ հուլունքներ են նետում, դրանք նույնպես կանաչ, ոսկեգույն ու մանուշակագույն են: Հետո սկսվում է բուն տոնախմբությունը, որը շարունակվում է ամբողջ գիշեր. մարդիկ ուտում-խմում, երգում-պարում են դրսում:
Կորոնավիրուսի պատճառով երկամյա ընդմիջումից հետո շատերն ուրախ են, որ վերջապես տոնելու հնարավորություն ունեն:
Նիկի Ռոքվուդ (կառնավալի մասնակից) - Այնքան լավ է: Լսեցի, որ ինչ-որ մեկն այս առավոտ ասում էր, որ ասես մեր հոգիները նորից մտել են մեր մարմինների մեջ: Հաճելի է վերադառնալ:
Մարդիկ ուրախ են, որ կարող են վերադառնալ բնականոն կյանք, մի փոքր ազատվել սթրեսային վիճակից ու վերջապես լիցքաթափվել երկու տարվա լարված կյանքից հետո:
ԱՄԷ
ԱՄԷ-Ն ՀՈՒՅՍ ՈՒՆԻ ՄԵԾԱԹԻՎ ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐԻ ԳՐԱՎԵԼ ՀԱԹԹԱ
Եթե ավտոմեքենան Դուբայում 90 րոպե վարեք դեպի հարավ, ապա երկնաքերներն ու բանուկ մայրուղիներն աստիճանաբար կվերանան: Փոխարենը ձեր առջև կբացվի լեռնային մի հիասքանչ տեսարան՝ փարթամ կանաչով:
Սա Հաթթա շրջանն է, որն Օմանի և ԱՄԷ-ի սահմանին է ու համարվում է ԱՄԷ-ի անկլավը: Արաբները հույս ունեն այն դարձնել զբոսաշրջության աշխույժ վայր: Այնտեղ զարկ են տալիս մարզական մրցումներին, բացօթյա տարբեր միջոցառումներ են կազմակերպում, հեծանվավազք, արշավներ: Անում են հնարավոր ամեն ինչ՝ Դուբայի եռուզեռից փախչող և խաղաղ հանգիստը նախընտրողներին գոհացնելու համար:
Մուհամմեդ Խալիֆե (Հաթթայի երիտասարդական խորհրդի անդամ) – Այստեղ շատ նախագծեր են իրականացվում: Դրանք բոլորը բնապահպանական են և կապված են Դուբայի կայունության ապահովման հետ: Այստեղ հեռու ես քաղաքային տեսարաններից, բարձր երկնաքերներից, սա ավելի շատ գյուղական միջավայր է:
2021 թվականին Դուբայի կառավարիչ շեյխ Մուհամմեդ բեն Ռաշիդ ալ Մաքթումը հայտարարեց Հաթթան պարտադիր այցելության վայրի վերածելու ծրագրերի մասին: Նախատեսում են Հաթթայում նոր լճի, ճոպանուղու և 120 կմ հեծանվային արահետների կառուցում: Հաթթա այցելողները վստահեցնում են, որ այստեղ կարող են խաղաղություն և հարմարավետություն գտնել:
ԴԱՆԻԱ
ԼՈՒՅՍԵՐԻ ՓԱՌԱՏՈՆ ԿՈՊԵՆՀԱԳԵՆՈՒՄ
Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում անցկացվել է Լույսերի ամենամյա փառատոնը: Այս տարի լուսային մյուս ինստալյացիաների կողքին կարելի է հանդիպել նաև Ուկրաինայի դրոշի գույներով լուսավորության, ինչը դանիացիներն արել են հաջակցություն ուկրաինացիների և այն ներկայացրել որպես ռազմական գործողությունները դադարեցնելու կոչ:
Կոպենհագենի Լույսերի փառատոնը տևում է երեք շաբաթ: Քաղաքի կենտրոնում լուսավորված բատուտներ են տեղադրված, որոնցով կարելի է ոչ միայն հիանալ, այլև դրանց վրա ցատկոտելով լավ ժամանակ անցկացնել:
Այս տարի հաճելի նորություն կա. «Մեկ տասնյակ արև» խորագրով լուսային հետաքրքիր ինստալյացիա են տեղադրել: Այն գնդաձև լուսավորված արձան է, որի մոտ սիրահար զույգերը կարող են ամուսնանալ: Հարսանեկան արարողության 20 դիմում են ընդունել:
Անուհի Ռուիզ Ռիվեռա (նորահարս) - Վերջին մի քանի տարիների ընթացքում մենք միասին էինք գալիս Լույսերի փառատոնին մասնակցելու, ուստի մտածեցինք, որ այն շատ խորհրդանշական է մեզ համար: Եվ որոշեցինք հենց այստեղ՝ Լույսերի փառատոնի ժամանակ ամուսնանալ:
Կազմակերպիչների խոսքով՝ Կոպենհագենի Լույսերի փառատոնը դարձել է Եվրոպայի ամենամեծ լուսային փառատոներից մեկը՝ ինստալյացիաների քանակով և օգտագործված տարածքով: Նախկինում երեք շաբաթվա ընթացքում այն ավելի քան 500 հազար այցելու է ունեցել: