ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն այսօր ընդունել է Հայաստանում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկին: Այդ մասին ասված է ՀՀ Արմավիրի մարզպետարանի Ֆեյսբուքի էջում:
«Մարզպետը ողջունել է դեսպանի այցն Արմավիրի մարզ՝ համարելով, որ այցելությունը լավ հնարավորություն է բելառուսական կողմի հետ փոխշահավետ համագործակցություն սկսելու և այն ի նպաստ երկու ժողովուրդների բարօրության ծառայեցնելու համար:
Էդվարդ Հովհաննիսյանն անդրադարձել է 2021 թվականին մարզպետի տեղակալի և դեսպանի միջև տեղի ունեցած հանդիպմանը, մինչ այդ կողմերի միջև ձևավորված հարաբերություններին, ձեռք բերված բանավոր պայմանավորվածություններին՝ ափսոսանք հայտնելով գործնական իմաստով հաջողություններ չունենալու համար:
Վերահաստատելով իր պատրաստակամությունը փոխգործակցության շարունակականության ապահովման հարցում՝ մարզպետը հույս է հայտնել, որ, այնուամենայնիվ, կողմերին կհաջողվի առավել արդյունավետ հիմքերի վրա դնել ձևավորված հարաբերությունները և ցանկալի ձեռքբերումներ ունենալ:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Ալեքսանդր Կոնյուկը նախ կարևորել է Արմավիրի մարզի՝ հատկապես գյուղատնտեսական առումով կենսական նշանակությունը ողջ հանրապետությունում, ապա անդրադարձել Հայաստան-Ռուսաստան-Բելառուս եռակողմ հարաբերություններին՝ ընդգծելով Հայաստանի՝ որպես հուսալի դաշնակցի նշանակությունը:
Ի թիվս այլ հարցերի, մարզպետի հետ դեսպանը քննարկել է նաև գյուղատնտեսության և ենթակառուցվածքների ոլորտում հնարավոր ծրագրերի շուրջ համագործակցությանը վերաբերող հարցեր, որոնց իրագործման ուղղությամբ ձեռք են բերվել նախնական պայմանավորվածություններ»,- նշված է գրառման մեջ: