ԱԺ ճեպազրույցների ընթացքում ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանին լրագրողները հարց ուղղեցին Ուկրաինայում հայ համայնքի ներկայացուցիչների անվտանգության և Հայաստան վերադառնալու հնարավորությունների մասին:
«Ես կապի մեջ եմ Ուկրաինայում Հայաստանի դեսպանի հետ, մեր դեսպանությունն ակտիվորեն աշխատում է մեր համայնքի ներկայացուցիչների հետ, որպեսզի վերջիններիս անվտանգությունն ապահովվի: Դեսպանության օգնությամբ Ուկրաինայի ներսում հայ համայնքի ներկայացուցիչները մի տեղից այլ տեղ տեղափոխվել են: Որքան տեղյակ եմ, այս պահին մեր դեսպանությունը տեղափոխվել է Լվով, քանի որ Կիևը ռազմական գործողությունների կետերից մեկն է»,- ասաց Աղաջանյանը:
Աղաջանյանի խոսքով՝ բոլոր հնարավորությունները ստեղծված են հայ համայնքի այն ներկայացուցիչների համար, ովքեր ցանկանում են լքել Ուկրաինան:
«Մեր համայնքի ցանկացած ներկայացուցչի համար, որը պատրաստ է և ցանկություն ունի լքել տարածքը, բոլոր հնարավորություններն ստեղծված են արևմտյան կողմից Ուկրաինայի հետ սահմանակից պետությունների միջոցով վերադառնալու Հայաստան: Եվ Ուկրաինայում մեր դեսպանությունն ամեն ինչ անում է, որ այդ գործընթացը առավել հեշտ տեղի ունենա»,- նշեց Աղաջանյանը: