Հայաստանում և արտերկրում բնակվող յուրաքանչյուր հայ կարող է մասնակցել Սահմանադրության բարեփոխումների գործընթացին: Այս նպատակով սահմանադրական բարեփոխումների խորհուրդն իրականացնում է կարծիքների հավաքում: Արդարադատության նախարարությունն արդեն տասնյակից ավելի առաջարկներ է ստացել:
Տիգրան Դադունց (ՀՀ ԱՆ «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի տնօրեն) - Խայտաբղետ են, սկսած Սահմանադրության մակարդակով դրոշը կամ լեզուն պաշտելու այդ առաջարկից, վերջացրած տարատեսակ ինչ-որ բովանդակային առաջարկներ:
Սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ պատկերացումներն անհրաժեշտ է ուղարկել էլեկտրոնային հասցեով՝ նշելով անուն-ազգանունը, զբաղվածությունը, բնակության վայրն ու ներկայացվող առաջարկը:
Տիգրան Դադունց - Այն բոլոր առաջարկները, որոնք կլինեն ռեալ բովանդակային և ոչ վերացական ինչ-որ ցանկության տեսքով, ապա դրանք անպայման, տարբեր ձևաչափերով կներկայացվեն հանրությանը: Գուցե, օրինակ՝ քննարկման ժամանակ հարց բարձրացվի, որ հանրության այսքան տոկոսը կարծում է, որ այսպիսի բան կարելի է անել:
Սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ առաջարկ ներկայացնելու տարիքային, բնակության վայրի կամ այլ սահմանափակում չկա: Պարտադիր պայման չէ, անգամ, Հայաստանի քաղաքացիություն ունենալը:
Տիգրան Դադունց - Այս պրոցեսի ամբողջ իմաստը մասնակցայնություն ապահովելն է, որպեսզի հետագայում երբ կունենանք այդ նախագիծը և կդրվի հանրաքվեի, յուրաքանչյուր քաղաքացի, ով կգնա հանրաքվեի, գիտակցված կգնա, կհասկանա ինչի համար է նա գնում: Նաև աշխարհասփյուռ հայերը, որոնք չնայած հանրաքվեի չեն մասնակցելու, սակայն իրենց պարտքը կհամարեն մասնակցություն ունենալու այս սահմանադրության գծման գործընթացում:
Քաղաքացիները թեև էլեկտրոնային տարբերակով առաջարկ ներկայացնելիս ակտիվ են, սակայն տեսախցիկի առաջ իրենց պատկերացումներով կիսվել չեն ցանկանում:
Սահմանադրության բարեփոխումների վերաբերյալ առաջարկների ստացման վերջնաժամկետը մարտի 31-ն է: Դրանք կդասակարգվեն և կներկայացվեն սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովին: 5 հոգուց բաղկացած հանձնաժողովի անդամ դառնալու համար էլ հայտերն ընդունվում են մինչև մարտի 10-ը:
Հեղինակ՝ Նորայր Շողիկյան