Ուկրաինան դեմ է հումանիտար միջանցքների բացմանը, որոնք ենթադրում են մարդկանց ելքը դեպի Ռուսաստան: Տարհանման նման տարբերակն անընդունելի է՝ հայտարարել է Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշչուկը։ Ավելի վաղ Ուկրաինայում մարդասիրական արձագանքման միջգերատեսչական համակարգման շտաբը հայտարարել էր մարտի 7-ին ուկրաինական չորս քաղաքից մարդասիրական միջանցքների բացման մասին՝ տեղեկացնում է vedomosti.ru-ն։
Փոխվարչապետն ընդգծել է, որ տարհանումը պետք է տեղի ունենա բացառապես դեպի Ուկրաինայի տարածքում գտնվող բնակավայրեր։
Մարտի 7-ին՝ Մոսկվայի ժամանակով առավոտյան ժամը 10:00-ին, ռուս զինվորականները պետք է մարդասիրական միջանցքներ բացեին Կիևից, Խարկովից, Սումիից և Մարիուպոլից։ Ենթադրվում էր, որ Կիևից Գոմել տարհանվելուց հետո մարդկանց ինքնաթիռով Ռուսաստան կհասցնեն։ Ուկրաինայում մարդասիրական արձագանքման միջգերատեսչական համակարգման շտաբի հայտարարության մեջ նշվում է, որ ռուս զինվորականները շարունակաբար հետևելու են տարհանման ընթացքին, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ։
Պաշտպանության վարչությունը նշել է, որ Կիևում, Խարկովում, Սումիում, Օդեսայում, Մարիուպոլում և այլ քաղաքներում արգելափակվել են տասնյակ հազարավոր բնակիչներ, որոնց թույլ չեն տալիս գնալ «անվտանգ վայրեր»։