ԵՄ մի շարք երկրներ, այդ թվում՝ Գերմանիան և Նիդերլանդները, դեմ են Ուկրաինային կառույցին միանալու թեկնածուի կարգավիճակ տրամադրելուն։ Այդ մասին երկուշաբթի հայտնել է Bloomberg-ը՝ վկայակոչելով անանուն դիվանագետներին։
Գործակալության զրուցակիցներից մեկի խոսքով՝ Գերմանիան, Նիդերլանդները և մի շարք այլ երկրներ ցանկանում են կենտրոնանալ Ուկրաինային գործնական օգնություն ցուցաբերելու և ռազմական գործողությունները դադարեցնելու վրա, այլ ոչ թե սկսել ԵՄ-ին այդ երկրի անդամակցության գործընթացը, որը կարող է տևել առնվազն տասը տարի: Նրանք ցանկանում են, որ նախքան քաղաքական որոշում կայացնելը ԵՄ գործադիր մարմինն իր կարծիքը հայտնի Ուկրաինայի՝ անդամակցության գործընթացին իր պատրաստակամության վերաբերյալ:
Միևնույն ժամանակ, մի շարք եվրոպական երկրների ղեկավարներ, որոնք աջակցում են Ուկրաինային համապատասխան կարգավիճակի տրամադրմանը, կարծում են, որ ԵՄ-ի համար խորհրդանշական կլինի Ուկրաինայի դիմումին աջակցելը, նույնիսկ եթե նրա՝ միություն մուտք գործելու գործընթացը երկար և բարդ լինի։
Փետրվարի վերջին Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին դիմել էր ԵՄ-ին անհապաղ միանալու խնդրանքով։ Փետրվարի 28-ին Բուլղարիայի, Լատվիայի, Լիտվայի, Լեհաստանի, Սլովակիայի, Սլովենիայի, Չեխիայի և Էստոնիայի ղեկավարները հանդես են եկել ԵՄ-ին Ուկրաինայի արագ անդամակցության օգտին։ Մարտի 1-ին Եվրախորհրդարանի պատգամավորները կոչ են արել կառույցի ինստիտուտներին աշխատել Ուկրաինային անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու ուղղությամբ։