Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողությունների 10 օրվա ընթացքում 1,5 միլիոն փախստական է մեկնել այս երկրից հարևան պետություններ՝ հաղորդում է gazeta.uz-ը՝ վկայակոչելով ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակին։
«Մեծ թվով մարդիկ դարձել են ներքին տեղահանվածներ։ Ամեն րոպե այս թիվն աճում է»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Փախստականների հարցով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդին ասել է, որ սա Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր ամենաարագ աճող միգրացիոն ճգնաժամն է Եվրոպայում:
«Եթե այս անիմաստ հակամարտությունն անհապաղ չդադարեցվի, մոտ օրերս միլիոնավոր մարդիկ կլքեն իրենց տները»,- ասվում է ուղերձում։
Ուկրաինայից ամենաշատ փախստականներ ընդունել է Լեհաստանը։ Ըստ այդ երկրի սահմանապահ ծառայության՝ մարտի 7-ին նրանց թիվը գերազանցել է 1 միլիոնը։