Ստեփանավանի օդանավակայանը ցանկանում են վերագործարկել չեխ ներդրողները: Դա՝ ապագայում: Մինչ այդ դեռ արտադրամաս են հիմնելու, որտեղ կարտադրեն, նախ, ինքնաթիռների դետալներ, հետո նաև՝ փոքր ինքնաթիռներ: Չեխական կողմի ներկայացուցիչները հերթական անգամ Հայաստանում են, նախագիծն արդեն գործնական փուլ է անցնում:
Վլադիմիր Նեմեց (Չեխական ընկերության տնօրեն) - Ծրագիրն արդեն ուշացել է: Սա պիտի սկսվեր ավելի շուտ: Ստեփանավանից ընտրել ենք մասնագտներ, որոնք դառնալու են մեր աշխատակիցները: Մենք այս պահին մեր ապագա աշխատակիցների փաստաթղթավորմամբ ենք զբաղվում, որ 3-ամսյա վերապատրաստում անցնեն Չեխիայում, հետո վերադառնալով, կարելի է ասել, արդեն կսկսենք արտադրության հարցերով զբաղվել:
Նշում են՝ նախատեսվող արտադրամասում աշխատուժը միայն Հայաստանից է լինելու:
Վլադիմիր Նեմեց - Հայաստանում ներդրում առաջին անգամ ենք անում: Աշխարհագրական դիրքը շատ ենք հավանում, նաև կադրերն են բարձր որակավորման՝ դեռ խորհրդային տարիներից ունեն փորձ և հմտություն: Հենց դրա համար էլ մեր վերջնական ընտրությունը կանգ առավ Հայաստանի վրա:
Իսկ հենց Ստեփանավանում կանգառը պատահական չէ: ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը վաղուց էր համայնքում մոնիտորինգ անցկացրել ու պարզել՝ բնակչության մեծ մասը համայնքի զարգացումը կապում է ավիացիայի հետ: Վերջին տարիներին ինովացիոն ոլորտը Ստեփանավանում կենտրոնացել է այս սենյակում:
Պարան տեղափոխել, տուժածի մոտ հասցնել ուսապարկը, դեղորայք և այլն: Արմեն Առաքելյանը պատմում է՝ թե ինչ կարող է անել երեխաների ձեռքով պատրաստված այս դրոնը:
Արմեն Առաքելյան («Լոռէ» ՀԿ նախագահ) - Սրանք շարժիչներ են, սրանք թևեր են, որ հետագայում դրոններ են դառնալու:
Ոչ միայն դրոններ հավաքել, այլև ծրագրեր գրել դրոնների համար: Արմեն Առաքելյանը օրինակով է բացատրում՝ այս դրոնը հնարավորություն ունի միայն թռչելու և նկարահանելու: Երեխաների ծրագրավորմամբ, սակայն, արդեն գտնում է հրդեհի օջախներ, տարբերում է՝ հրդե՞հ է, թե՞ խորոված են անում:
Արմեն Առաքելյան - Այս դրոնը նախատեսված է նկարահանումների համար՝ մինչև 15 մ խորության վրա: Մենք արդեն մշակել ենք ծրագիր, որ նաև որոնում իրականացնի, կոորդինատներ տրամադրի:
Հունվարին համայնքապետարանի հետ ստորագրված հուշագրի արդյունքում Ստեփանավանի ավիացիոն և ինովացիոն տեխնոլոգիաների կրթական կենտրոնում շուտով տարիքային տարբեր խմբերի համար դասընթացներ կկազմակերպվեն: Տարածքի հարցերից մինչև կոմունալ վճարներ՝ համայնքապետարանը աջակցում է ինչպես կարող է: Հիմա գրադարանի շենքում են: Երբ սուբվենցիոն ծրագրով գրադարանի նոր շենքը պատրաստ լինի, ամբողջ կառույցը այս կենտրոնին կտրամադրեն: Խմբակներն ու դասընթացները կավելանան:
Իսկ սեպտեմբերից ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում նոր՝ հեռավար կառավարելի տեխնոլոգիաների կիրառմանն ուղղված բաժին կլինի:
Հայաստանում արդեն ավիացիոն մասնագետների վերապատրաստման լիցենզավորված դասընթացներ են կազմակերպվում: Սա ևս հայ-չեխական գործակցության արդյունք է՝ նշում է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ԱՌՆ ծրագրերի ղեկավար Արմեն Չիլինգարյանը:
Արմեն Չիլինգարյան (ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ԱՌՆ ծրագրերի ղեկավար) - Մեծ պոտենցիալ կա, որ այստեղ գան վերապատրաստման, նաև եվրոպական կողմից գան, քանի որ մեծ հերթեր են գոյացել դասընթացներ անցնելու համար, և նոր գործընկերոջ առկայությունը կօգնի:
Դա միայն օդաչուներին չի վերաբերում, բազմապրոֆիլ մասնագիտական գործընթաց է:
Մեկ դասընթաց արդեն ավարտել են Երևանում, հաջորդը նախատեսում են անցկացնել Ստեփանավանում: Դասընթացների և քննության համար համապատասխան լսարանը կա, չեխական կողմը հավանությունը տվել է:
Արմեն Չիլինգարյան - Նախատեսում ենք 15 000-20 000 ուսանողի այցելություն Ստեփանավան, որը կզարգացնի համայնքը:
Համայնքի զարգացման համար չափազանց կարևոր է օդանավակայանի գործարկումը՝ շեշտում է համայնքապետը: Հիշում՝ ժամանակին բազավորվել են նաև գյուղատնտեսական ավիացիայի օդանավեր:
Արմեն Գրիգորյան (Ստեփանավան համայնքի ղեկավար) - Փոքր ինքնաթիռներ էին թռչում, տնտեսապես հարմար չէր, բայց թռիչքուղին մեծացնելու հնարավորությունը կար՝ 400-500 մետր երկարացնելու:
Չեխական կողմը առաջիկայում ներդրման վերջնական նախագիծը ներկայացնելու է նախարարությանը:
Գրիգոր Բաբայան (Հայկական կողմի ներկայացուցիչ) - Ստեղծել ավիացիոն կլաստեր, որի մեջ կմտնի ուսումնական վերապատրաստման կենտրոն, գուցե ինստիտուտ, նաև օդանավակայանը շահագործել:
Արմեն Չիլինգարյան - 2-տեղանոց ինքնաթիռի արտադրության սերտիֆիկատն արդեն առկա է, չեխական կողմը նաև քննարկում էր, որ 4-տեղանոց ինքնաթիռի սերտիֆիկացումն անցկացնենք Հայաստանում:
Վլադիմիր Նեմեց - Մեր նպատակն է, որ տարեկան Հայաստանում արտադրենք 50-70 ինքնաթիռ, և արդեն 100 ինքնաթիռի պատվեր ունենք Ամերիկայից:
Չեխական «Թեք-փրո-էվիեյշն» ընկերության տնօրեն Վլադիմիր Նեմեցը վստահեցնում է՝ շուկայի և պահանջարկի պակաս չունեն, նախագծի մեկնարկի ուշացման հարցում ամենամեծ խնդիրը եղել է կորոնավիրուսը:
Վլադիմիր Նեմեց - Մյուս խնդիրը անվստահությունն է, որ զգացել են գերատեսչություններում և քաղաքացիների շրջանում՝ օտարերկրյա ներդրողների հանդեպ, հասկացել ենք՝ նման վատ փորձեր են ունեցել: Չէին հավատում մեր նախագծին, մեր լուրջ տրամադրվածությանը:
Ներդրման ծավալի մասին չեխական կողմը դեռ չցանկացավ խոսել, ՄԱԿ-ի ներկայացուցիչը մոտավոր հաշվարկներ է ներկայացնում:
Արմեն Չիլինգարյան - Ամբողջ ծրագիրը՝ ուսումնական հաստատություն ձևավորելով, փոքր արտադրություն ձևավորելով, օդանավակայանը գործող վիճակի բերելով հանդերձ՝ ամենաշատը 45 մլն դոլար է անհրաժեշտ:
Չեխական կողմը այդ ներդրմանը միանգամից պատրաստ չէ, դրա համար էլ փուլերով կանեն՝ դասընթացից մինչև արտադրված ինքնաթիռների արտահանում: Առաջին 8 մասնագետի վերապատրաստման նախապատրաստությունն ընթացքի մեջ է. ծախսերը փակում է չեխական կողմը:
Ակնկալում է մինչև տարեվերջ սկսել օդանավերի դետալների արտադրությունը:
Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան