Հայոց եռագույնը երեսուն տարի առաջ հենց այսպես բարձրացավ Նյու Յորքում՝ Միավորված ազգերի կազմակերպության կենտրոնակայանի առաջ:
Պատմական այդ օրն էլ՝ 1992-ի մարտի 2-ին, Հայաստանի նորանկախ Հանրապետությունը պաշտոնապես դարձավ ՄԱԿ-ի լիիրավ անդամ: Հավաքված բազմության առաջ նախ՝ հայերեն, ապա՝ անգլերեն ելույթ ունեցավ արտաքին գործերի նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը:
Հիշարժան օրվա տպավորություններն է վերհիշում Հայաստանի պատվիրակության անդամ, ՄԱԿ-ում առաջին մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Արզումանյանը:
Ալեքսանդր Արզումանյան (1992-1996 թթ. ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ) - Այդ րոպեներին մեր բոլորիս երազանքն էր ի կատար ածվում, և հոծ բազմություն կար: Հիմնականում հայեր էին: Այդքան շատ փայլուն աչքեր կյանքում չէի տեսել, բոլորի աչքերը վառվում էին: Պատմական օր էր, և մեր առաջին դիվանագիտական ընդունելությունն էր:
ՄԱԿ-ին Հայաստանի անդամակցությունից հետո սկսվեց անդամ պետությունների փոխադարձ ճանաչման գործընթացը, բայց մինչև այդ պատերազմի մեջ գտնվող Հայաստանի արտաքին դիվանագիտական կորպուսը, որ մի քանի հոգի էին, գերլարված ու քրտնաջան աշխատանք էին տարել Հայաստանի անդամակցության ուղղությամբ:
1991-ի դեկտեմբերի 25-ին՝ ԽՍՀՄ փլուզումից հետո, հունվարին, Հայաստանն ու Միացյալ Նահանգները դիվանագիտական նոտաներ փոխանակեցին: Սա էլ, ըստ էության, դարձավ նորանկախ պետության առաջին դիվանագիտական քայլերից մեկը:
Ալեքսանդր Արզումանյան - ՄԱԿ-ին անդամակցելը դյուրացրեց դիվանագիտական հարաբերությունների հաստատումը, որովհետև դեսպանը արդեն ՄԱԿ-ում կարողանում էր տարբեր երկրների դեսպանների հետ շատ արագ ստորագրել դիվանագիտական հարաբերությունների արագացման փաստաթղթեր: 3 տասնամյակի ընթացքում Հայաստանը պատասխանատու գործառույթներ է ստանձնել միջազգային հարթակներում, այդ թվում՝ ներկայումս հանդիսանում է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի փոխնախագահ՝ մարտի 2-ին Հայաստանի ՄԱԿ անդամակցության և դիվանագետի օրվան նվիրված միջոցառմանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Երկրի ղեկավարը շեշտեց՝ գտնվում ենք բարդ տարածաշրջանում, որտեղ հաճախ բախվում են աշխարհաքաղաքական շահեր, ուստի Հայաստանի դիվանագիտական ծառայության առաջնային խնդիրն է՝ Հայաստանն առավել հասկանալի դարձնել աշխարհին, աշխարհն էլ՝ առավել հասկանալի Հայաստանին:
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Սա ունի մի շատ գործնական նպատակ՝ բազմապատկել, բարելավել բնականոն զարգացման հնարավորությունները, ապահովել Հայաստանի և Արցախի անվտանգությունը: Կառավարությունն առաջնորդվում է այն տրամաբանությամբ, որ անվտանգության ապահովման ամենագործուն երաշխիքը խաղաղությունն է: Այս է պատճառը, որ մեր երկրի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելը որդեգրվել է որպես պետական ռազմավարություն: Ռազմավարության կարևորագույն նպատակը Հայաստանի շուրջ տարածաշրջանային և միջազգային հնարավորինս բարենպաստ մթնոլորտի և միջավայրի ձևավորումն է:
Կառավարության գործունեության 2021-2026 թվականների ծրագրում առանձնահատուկ տեղ է հատկացված մեր տարածաշրջանային արտաքին քաղաքականությանը: Արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը վերհիշեց այն ճանապարհը, որն անցել է հայկական դիվանագիտությունը և արտաքին գործերի նախարարությունը:
Արարատ Միրզոյանը Բուենոս Այրեսից մինչև Պեկին 45 դեսպանությունում ու հյուպատոսարաններում ծառայած և այս պահին ծառայող գործընկերներին շնորհակալություն հայտնեց Հայաստանի պետական շահի առաջմղման առաքելության համար: Միաժամանակ, հայ դիվանագետներին ուղղված խոսքում անցած 30 տարիների Հայաստանի դիվանագիտությունը հաջողություններով և թերացումներով լի բնորոշեց:
Միրզոյանի կարծիքով՝ Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմը հետևանք էր նաև հայ քաղաքական, դիվանագիտական մտքի, երկարամյա ոչ սթափ վերլուծությունների և գնահատականների: Նախարարը համոզված է՝ դրա հետ կապված խնդիրներն այս պահին էլ չափազանց առարկայական են:
Արարատ Միրզոյան (ՀՀ ԱԳ նախարար) - 44-օրյա պատերազմից հետո, այսօր ստեղծված իրավիճակում, երբ աշխարհն արագորեն փոփոխվում է, և Հայաստանի առաջ ծառացած են լրջագույն անվտանգային մարտահրավերներ, կարծում եմ՝ մենք, հարգելի՛ դիվանագետներ և գործընկերներ, պարտավոր ենք նախևառաջ բացել մեր միտքը, ապա և՝ աշխատել ուժերի գերլարմամբ և ծայրահեղ կարգապահությամբ՝ Հայաստանի և Արցախի անվտանգային միջավայրը վերականգնելու, տարածաշրջանում տևական և կայուն խաղաղություն կառուցելու, դաշնակիցների և գործընկերների հետ հարաբերություններն ավելի խորացնելու, մյուսների հետ մեր ունեցած խնդիրներն արժանապատվորեն հարթելու, Արցախի հայության իրավունքները պաշտպանելու, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում, նրա մանդատի ներքո և բոլորին հայտնի սկզբունքների ու տարրերի հիման վրա ԼՂ հիմնախնդիրը լուծելու, մեր ինքնիշխանությունն ամրապնդելու, ընդհանուր առմամբ՝ մեր հայրենիքի կենսական շահերը սպասարկելու՝ նրան իսկապես ծառայելու համար։
Ինչպես հենց ԱԳՆ-ում են սիրում իրավացիորեն նշել՝ արտաքին գործերի նախարարությունն, ըստ էության, ուժային կառույց է։ Եվ հենց այս տրամաբանությամբ պիտի նշեմ, որ մեզ բոլորիս անհրաժեշտ է աշխատել զորանոցային ռեժիմով՝ անշեղորեն իրականացնելու մեր այս առաքելությունը։
ՄԱԿ-ին Հայաստանի անդամակցության 30 տարիները նշանավորվել են ակտիվ ներգրավմամբ՝ ինչպես միջազգային խաղաղության, զինաթափման, անվտանգության ամրապնդման, մարդու իրավունքների, այնպես էլ ՄԱԿ-ի օրակարգում վերջերս ընդգրկված ոլորտներում՝ ցեղասպանությունների կանխարգելման, կայուն զարգացման նպատակների, դեպի ծով ելք չունեցող և միջին եկամուտ ունեցող երկրների օրակարգերին առնչվող հարցերում:
Մհեր Մարգարյան (ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան) - Վստահաբար շատերը տեղյակ են, որ 2015-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան հենց Հայաստանի նախաձեռնությամբ միաձայն ընդունեց դեկտեմբերի 9-ը որպես ցեղասպանությունների կանխարգելման, զոհերի օր, դեռևս 98-ից Հայաստանի կողմից առաջ է մղվել ցեղասպանությունների կանխարգելման հարցերը: Ներկայումս Հայաստանի համար առաջնահերթ են կյանքի կոչելու՝ ոչ ոքի հետևում չթողնելու հանձնառությունը՝ ուշադրության կենտրոնում պահելով մարդու իրավունքները, կանանց և երիտասարդների իրավունքները: Անվտանգային հարցերի օրակարգում՝ զինված հակամարտություններում կանանց և երեխաների պաշտպանության հարցերն են:
Աշխարհում մարդու իրավունքները ամեն օր են փորձության ենթարկվում: Հայաստանը որպես Միավորված ազգերի ընտանիքի անդամ՝ պատասխանատվությամբ է կատարում ստանձնած պարտավորությունները, այնտեղ է, որտեղ իրավիճակը շատ բարդ է. ահաբեկչության դեմ պայքար, միջազգային խաղաղապահ առաքելություններ:
Գնահատականը Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատարինն է:
Լիլա Պետերս Յահիա (ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար) - Հայաստանը կարևոր ներդրում է ունեցել խաղաղապահ զորակազմերում՝ Լիբանանում, Մալիում: Դրանք շատ մեծ ու զգայուն առաքելություններ են: Հայաստանը մեծ առաջընթաց է արձանագրել աղքատության հաղթահարման հարցում՝ դառնալով միջին եկամուտներ ունեցող երկիր: Կարելի է երկար թվարկել. լավ օրինակները շատ են: Եվ կարծում եմ՝ ՄԱԿ-ը կարող է Հայաստանի այս դրական փորձառությունը փաստաթղթավորել և տարածել այլ երկրներին, որ սովորեն հենց Հայաստանից: Մի բան էլ ավելացնեմ. քիչ առաջ եմ վերադարձել կրթության նախարարի մոտից: Նա ասաց, որ ընթանում է կրթության ոլորտի բարեփոխումը: Պետք է երաշխավորել, որ կրթությունը և մշակույթը զարգանան համընթաց: Մի խոսքով՝ այն, ինչ այս երկրում հայտնագործվում և ներդրվում է, կարող է ոգևորել այլ երկրներին:
Հայկական դիվանագիտությանը, արտաքին հարաբերություններին նվիրված միջոցառմանը վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է նաև Ուկրաինայում ծավալվող իրադարձությունների մասին: Հույս հայտնել, որ դիվանագիտությունը կլռեցնի թնդանոթները: