Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի, այդ թվում՝ ՀՕՊ համակարգի ոչնչացումը գրեթե ավարտված է, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Նրա խոսքով՝ ռուսական բանակն, անկասկած, կլուծի Ուկրաինայում իր առջև դրված բոլոր խնդիրները։
Պուտինն Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության մասին որոշումը ծանր է անվանել, նրա խոսքով՝ եթե Ռուսաստանը սահմանափակեր ռազմական գործողությունը միայն Դոնբասի տարածքով, ապա ուկրաինական ուժերը կշարունակեին նոր ռեսուրսներ ստանալ:
Վլադիմիր Պուտին (ՌԴ նախագահ) - Կիևի ներկայիս ղեկավարները պետք է հասկանան՝ եթե շարունակեն անել այն, ինչ անում են, ապա կասկածի տակ են դնում Ուկրաինայի պետականության ապագան, և եթե նման բան տեղի ունենա, դա ամբողջովին իրենց խղճի վրա կլինի:
Պուտինը նշել է նաև, որ ժամկետային զինծառայողները չեն մասնակցում Ուկրաինայում ՌԴ ԶՈՒ գործողություններին, զորահավաքների մասնակցող պահեստազորայիններին ևս Ուկաինա ուղարկել չի նախատեսվում: Նրա խոսքով՝ Ռուսաստանն Ուկրաինայում արձանագրել է Մերձավոր Արևելքից և եվրոպական որոշ երկրներից ժամանած գրոհայինների առկայությունը։ ՌԴ նախագահը նշել է նաև, որ Ռուսաստանում պատերազմական կամ արտակարգ դրություն մտցնելու նախադրյալներ չկան։
«Երկրում ռազմական դրություն կարող է մտցվել արտաքին ագրեսիայի դեպքում, այդ թվում` եթե կոնկրետ գործողություններ սկսվեն երկրի առանձին շրջաններում։ Մեզ մոտ նման իրավիճակ չկա»,- ասել է Վլադիմիր Պուտինը։
Նա նաև հույս է հայտնել, որ ուկրաինական կողմը դրական կարձագանքի Բելառուսում կայացած բանակցություններում Ռուսաստանի ներկայացրած առաջարկներին:
«Ուկրաինայի ապառազմականացման բազում տարբերակներ կան, դրանք Կիևի հետ բանակցությունների սեղանին են», - հավելել է նա։
Ուկրաինայի երկնքում ոչ թռիչքային գոտի սահմանելու այլ երկրների ցանկացած փորձ Ռուսաստանը կդիտարկի որպես մասնակցություն ռազմական գործողություններին։
«Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև հակամարտության հետևանքները` Ուկրաինայի՝ Դաշինքին անդամակցության դեպքում, պարզ են բոլորի համար», - ասել է նա:
Պուտինը նշել է՝ Ուկրաինայի չեզոք կարգավիճակն անհրաժեշտ է, որպեսզի երկիրը չմտնի ՆԱՏՕ։ ՌԴ նախագահն անդրադարձել է նաև Ուկրաինայում հումանիտար միջանցքների հարցին:
ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԸ ԴԵՌ ՉԵՆ ԺԱՄԱՆԵԼ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ԲԱՑ ՄԻՋԱՆՑՔՆԵՐ
Վլադիմիր Պուտին - Կիևն է խնդրանքով դիմել Ռուսաստանին՝ բնակիչների տարհանման համար միջանցք տրամադրելու հարցով։ Ռուսական կողմն, իհարկե, արձագանքեց, դադարեցրեց ռազմական գործողությունները, սակայն ի՞նչ է տեղի ունենում հիմա։ Ոչ ոքի դուրս չեն թողնում։
Ավելի վաղ ՌԴ Պն-ն հայտնել էր, որ Մարիուպոլից և Վոլնովախայից փախստականները դեռ չեն ժամանել մարդասիրական բաց միջանցքներ․ «Ազգայնականները թույլ չեն տվել տեղի խաղաղ բնակչությանը և օտարերկրացիներին տարհանվել: Չնայած ստեղծված իրավիճակին՝ Ռուսաստանը պատրաստ է շարունակել աշխատել Ուկրաինայի և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ հումանիտար ճգնաժամն անհապաղ կարգավորելու համար», - նշված է գերատեսչության հայտարարության մեջ։
Ըստ նախնական տվյալի՝ Մարիուպոլից և Վոլնովախայից պետք է տարհանվեր ավելի քան 210․000 մարդ։ Նախարարությունից փոխանցել են նաև, որ լռության ռեժիմ սահմանելուց որոշ ժամանակ անց Մարիուպոլից և Վոլնովախայից հրետանային կրակ է բացվել ռուսական դիրքերի ուղղությամբ։
Մարիուպոլի քաղաքային իշխանություններն էլ հայտարարել են բնակիչների տարհանումը հետաձգելու մասին՝ պատճառաբանելով, թե ռուսական զորքերը խախտել են նախապես ձեռք բերված պայմանավորվածությունները և կրակ բացել ուկրաինական բնակավայրերի, մասնավորապես՝ Վոլնովախայի ուղղությամբ։
Կարմիր Խաչն էլ հայտնել է, որ այսօր այլևս հնարավոր չի լինի ապահովել Մարիուպոլից և Վոլնովախայից փախստականների անվտանգ տարհանումը։
ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 3-ՐԴ ՓՈՒԼԻ ԺԱՄԿԵՏԸ ՀՍՏԱԿԵՑՎԵԼ Է
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հիասթափություն է հայտնել Ուկրաինայի օդային տարածքը չփակելու՝ ՆԱՏՕ-ի որոշման առնչությամբ։
«ՆԱՏՕ-ի թույլ գագաթնաժողովը ցույց տվեց, որ Եվրոպայի ազատության համար պայքարը ոչ բոլորն են դիտարկում որպես առաջնահերթություն», - նշել է նա։
Ռուսական և ուկրաինական պատվիրակությունների միջև բանակցությունների երրորդ փուլը տեղի կունենա մոտակա մեկ-երկու օրվա ընթացքում։ Այդ մասին հայտարարել է Վոլոդիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդականը։
Միխայիլ Պոդոլյակ (Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական) - Մենք գնահատում ենք նաև՝ ինչպես են սկսում գործել հումանիտար միջանցքները, որպեսզի անհրաժեշտության դեպքում բանակցային գործընթացի շրջանակում այդ հարցով ճշգրտումներ մտցվեն։
ԿՈՒԼԵԲԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ Է ՀԱՄԱՐԵԼ ԼԱՎՐՈՎԻ ՀԵՏ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ
Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրո Կուլեբան հնարավոր է համարել Թուրքիայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումը:
«Եթե հասկանամ, որ Սերգեյ Լավրովի հետ բանակցությունները կարող են բովանդակալից լինել, և դա տեղավորվի բանակցային գործընթացի ընդհանուր շրջանակում, ապա, իհարկե, չեմ հրաժարվի հանդիպումից»,- ասել է Կուլեբան:
Նախօրեին Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն նշել էր, որ իր երկիրը ցանկանում է մարտի 11-13-ն Անթալիայում կայանալիք դիվանագիտական ֆորումի շրջանակում կազմակերպել Ռուսաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարների հանդիպումը։