2022 թվականի մարտի 4-ին անցկացվել է Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստ: Նիստին ներկա է եղել ԿԸՀ 6 անդամ: Հանձնաժողովի երկու անդամներ նիստից բացակայել են հարգելի պատճառներով, տեղեկանում ենք Արցախի ԿԸՀ-ից:
Նիստի օրակարգում ընդգրկված էր մեկ հարց՝ Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Բերդաշեն համայնքի ղեկավարի և Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի՝ Նորշեն, Ծովատեղ, Սոս, Վարանդա համայնքների, Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանի Ակնաբերդ համայնքի ավագանու անդամների 2022 թվականի ապրիլի 10-ի արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը հաստատելու մասին հարցի քննարկում:
Նախապես ծանոթանալով նիստում քննարկվող հարցին՝ հանձնաժողովի անդամները հաստատել են ընտրությունների կազմակերպման ու անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը:
Տեղական ինքնակառավարման մարմինների արտահերթ ընտրությունների ողջ ընթացքին վերաբերող նորություններին և փաստաթղթերին հնարավոր կլինի ծանոթանալ Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքում՝ cecnkr.am և ֆեյսբուքյան էջում: