ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԸ ԴԵՌ ՉԵՆ ԺԱՄԱՆԵԼ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ԲԱՑ ՄԻՋԱՆՑՔՆԵՐ
Մարիուպոլից և Վոլնովախայից փախստականները դեռ չեն ժամանել մարդասիրական բաց միջանցքներ, հայտարարել է ՌԴ ՊՆ-ն։ «Ազգայնականները թույլ չեն տվել տեղի խաղաղ բնակչությանը և օտարերկրացիներին տարհանվել: Չնայած ստեղծված իրավիճակին՝ Ռուսաստանը պատրաստ է շարունակելու աշխատել Ուկրաինայի և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ հումանիտար ճգնաժամն անհապաղ կարգավորելու համար»,- նշված է գերատեսչության հայտարարության մեջ։ Ըստ նախնական տվյալի՝ Մարիուպոլից և Վոլնովախայից պետք է տարհանվեր ավելի քան 210․000 մարդ։ Նախարարությունից հայտնել են նաև, որ լռության ռեժիմ սահմանելուց որոշ ժամանակ անց Մարիուպոլից և Վոլնովախայից հրետանային կրակ է բացվել ռուսական դիրքերի ուղղությամբ։
Մարիուպոլի քաղաքային իշխանություններն էլ հայտարարել են բնակիչների տարհանումը հետաձգելու մասին՝ պատճառաբանելով, թե ռուսական զորքերը խախտել են նախապես ձեռք բերված պայմանավորվածությունները և կրակ բացել ուկրաինական բնակավայրերի, մասնավորապես՝ Վոլնովախայի ուղղությամբ։
Ավելի վաղ Ռուսաստանը հայտարարել էր մարտի 5-ի առավոտյան 11։00-ից լռության ռեժիմ սահմանելու և մարդասիրական միջանցքներ բացելու մասին, որպեսզի Մարիուպոլի և Վոլնովախայի բնակիչներն անվտանգ լքեն այդ տարածքները:
Տեղեկություններ կան, որ Մարիուպոլի իշխանությունները հրաժարվում են բնակիչներին հումանիտար միջանցքով դուրս գալու հնարավորություն տալուց, իսկ Խերսոնի իշխանությունները չեն ցանկանում հումանիտար օգնություն ընդունել ՌԴ-ից: Այդ մասին էլ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«Ռուս զինվորականները պատրաստ էին օգնելու Խարկովից արտասահմանցի ուսանողների տարհանման հարցում, սակայն դրան խանգարեց ուկրաինական կողմը»,- նշել է նախարարը: Նա հավելել է՝ ՌԴ զինվորականները հնարավոր ամեն ինչ արել են Ուկրաինայում հումանիտար միջանցքների գործունեության համար։
Լավրովն անդրադարձել է նաև ռուս-ուկրաինական բանակցություններին։ Նա նշել է, որ Մոսկվան արդեն ներկայացրել է իր պայմանները, սակայն ուկրաինական կողմը հանդիպումների երրորդ փուլի ժամկետներ դեռևս չի հստակեցրել: Ավելի վաղ Վլադիմիր Պուտինը հայտնել էր, որ ռուս-ուկրաինական բանակցությունների երրորդ փուլը կարող է անցկացվել մարտի 5-ին կամ 6-ին:
ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԲԱՑ Է ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ. ՊՈՒՏԻՆ
Ռուսաստանը բաց է երկխոսության համար՝ ինչպես Կիևի, այնպես էլ բոլոր նրանց հետ, ովքեր խաղաղություն են ցանկանում Ուկրաինայում։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ հեռախոսազրույցում։ Նա ընդգծել է՝ ռուսական կողմի բոլոր պահանջները պետք է կատարվեն, այն է՝ Ուկրաինայի չեզոք կարգավիճակ, միջուկային զենքի բացառում, ապառազմականացում, ապազգայնականացում, Ղրիմի ճանաչումը՝ որպես Ռուսաստանի մաս, Լուգանսկի և Դոնեցկի ինքնիշխանություն:
Շոլցը, իր հերթին, կոչ է արել դադարեցնել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությունը։
ՌԴ-Ն ՁԳՏՈՒՄ Է ԱՊԱՀՈՎԵԼ ՍԵՓԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ
Ռուսաստանի ռազմական գործողության նպատակն Ուկրաինան մասնատելը չէ, Մոսկվան ձգտում է ապահովել սեփական անվտանգության երաշխիքները՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Նա ասել է, որ նախօրեին ՌԴ ԶՈՒ վերահսկողության տակ անցած՝ Եվրոպայի ամենախոշոր՝ Զապորոժիեի ատոմային էլեկտրակայանի բլոկները չեն վնասվել, և անվտանգային սպառնալիքներ չկան:
Պեսկովը հավելել է՝ Ռուսաստանը միշտ կողմ է եղել ՆԱՏՕ-ի երկրների հետ առկա հակասությունները դիվանագիտական ճանապարհով լուծելուն և տեսնում է, որ ՆԱՏՕ-ն գիտակցում է Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին անմիջական մասնակցության անհնարինությունը։ Պեսկովի խոսքով՝ Ռուսաստանը ԱՄՆ-ի հետ երկխոսության որոշակի խողովակներ է պահպանում։
Պենտագոնից էլ փոխանցել են, որ հաղորդակցության նոր ուղու միջոցով կապ է հաստատվել ՌԴ ՊՆ-ի հետ՝ Ուկրաինայում միջադեպերը և լարվածության աճը կանխելու համար։
ՆԱՏՕ-Ն ՉԻ ԿԱՐՈՂ ՄԻՋԱՄՏԵԼ ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ ՍՏԵՂԾՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿԻՆ
ՆԱՏՕ-ն չի կարող միջամտել Ուկրաինայում ստեղծված իրավիճակին՝ հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոքը։ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն էլ նշել է, որ ԱՄՆ-ը մտադիր չէ Ուկրաինայի երկնքում ոչ թռիչքային գոտի ստեղծել:
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, իր հերթին, հիասթափություն է հայտնել Ուկրաինայի օդային տարածքը չփակելու՝ ՆԱՏՕ-ի որոշման առնչությամբ։ «ՆԱՏՕ-ի թույլ գագաթնաժողովը ցույց տվեց, որ Եվրոպայի ազատության համար պայքարը ոչ բոլորն են դիտարկում որպես առաջնահերթություն»,- նշել է նա։
ԱՅՍ ՊԱՏԵՐԱԶՄԸ ՊԵՏՔ Է ԱՆՀԱՊԱՂ ԴԱԴԱՐԵՑՎԻ. ՔԱԼԸՆ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ակնկալում է մարտի 6-ին հեռախոսային բանակցություններ անցկացնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այդ մասին հայտնել է Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը։ «Այս պատերազմը պետք է անհապաղ դադարեցվի, անհրաժեշտ է նստել բանակցությունների սեղանի շուրջ»,- նշել է նա։
Ակնկալվող հեռախոսազրույցի ընթացքում Էրդողանը մտադիր է ևս մեկ անգամ առաջարկել Պուտինին Թուրքիայում կազմակերպել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները։
ԿՈՒԼԵԲԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ Է ՀԱՄԱՐԵԼ ԼԱՎՐՈՎԻ ՀԵՏ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ
Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրո Կուլեբան հնարավոր է համարել Թուրքիայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումը: «Եթե հասկանամ, որ Սերգեյ Լավրովի հետ բանակցությունները կարող են բովանդակալից լինել, և դա տեղավորվի բանակցային գործընթացի ընդհանուր շրջանակում, ապա, իհարկե, չեմ հրաժարվի հանդիպումից»,- ասել է Կուլեբան։
Նախօրեին Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն, անդրադառնալով Բելառուսում կայացած ռուս-ուկրաինական բանակցություններին, նշել էր, որ իր երկիրը ցանկանում է մարտի 11-13-ն Անթալիայում կայանալիք դիվանագիտական ֆորումի շրջանակում կազմակերպել Ռուսաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարների հանդիպումը։ Նա հավելել էր, որ Սերգեյ Լավրովն ավելի վաղ հաստատել է մասնակցությունը ֆորումին: