Դեռ անանուն սարքը թիմը նախագծել է մեկ ամսում: Օգտագործել են հատուկ սենսոր՝ օզոնի շերտի և ուլտրամանուշակագույն ճառագայթների չափման համար: Նոր տվյալները հիմք կդառնան նոր հետազոտությունների համար:
Թիմի պատրաստած սարքը ճանաչվեց հաղթող նախագիծ: «Տիեզերքի մրցույթ-2022»-ը մեկնարկել էր անցած տարի, նախաձեռնությունն իր տեսակի մեջ առաջինն է Հայաստանում: Այն հնարավորություն է տալիս հաղթող թիմին ստեղծած սարքն ուղարկելու տիեզերք:
Արեգ Գրիգորյան (ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի ուսանող) - Ուղեծիր չի մտնելու էս սարքը, թռչելու ա ու իջնի, օզոնային շերտով անցնելու ընթացքում ճառագայթումը և օզոնի քանակը շատ հետաքրքիր կախվածություն ունեն, մենք ուզում ենք էդ կախվածությունը տեսնենք:
10-ից ավելի թիմ էր մասնակցել մրցույթին, եզրափակչում հայտնվել են լավագույն երեքը: Խնդիր էր դրված՝ ստեղծել ռոբոտաշինական սարք, բարձրանալու է մինչև 120 կմ՝ կատարելով նոր չափումներ:
Ներսես Օհանյան («ՀայՏեք» խմբի համահիմնադիր) - Հայաստանում երեխաները հնարավորություն ունեն ստեղծելու մի բան, որ իրանք իրանց ուժերով և այստեղի համայնքի օգնությամբ կարող են ուղարկել տիեզերք:
Մրցույթը նպատակ ունի ձևավորելու ձեռնարկատիրական և տեխնոլոգիական մեծ համայնք, փորձ ունենալ տիեզերական հետազոտությունների ոլորտում: Ավելի կոնկրետ՝ հնարավորություն ստեղծել գաղափարները ներդնելու տիեզերքում: Հաղթող թիմի հետ կաշխատեն, սարքը կբերեն ավարտուն տեսքի, նախապես կփորձարկեն:
Հայկ Մարտիրոսյան («Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիայի համահիմնադիր) - Որոշ աշխատանքներ արդեն այս ամսվա վերջին կուղարկենք այն երկիր, որտեղից կմեկնարկի թռիչքը:
Հրթիռը չի ստեղծվել Հայաստանում: Նախագծողները մեր երկրում ստեղծված սարքը կտեղադրեն հրթիռի մեջ և կուղարկեն տիեզերք: Թռիչքը կլինի ապրիլին, ո՛ր երկրից՝ դեռ գաղտնի է պահվում: Այն կտևի 15 րոպե, որից 3 րոպեն հրթիռը կլինի 100 կմ բարձրության վրա: Բարեհաջող ավարտից հետո կհրապարակեն բոլոր տվյալները՝ մանրամասն: