Սա խաչմերուկը տեսահսկող օպերատորի ֆիքսած խախտումներից մեկն է:
Հայկ Վարդանյան (ՀՀ ՃՈ իրավաբանական բաժնի պետ) - Սա այն դեպքերից է, որ մեր վարորդների մոտ թյուր կարծիք է ձևավորված, որ դեղին լույսը թույլատրում է երթևեկությունը, և կարող են շարունակել, կամ շտապողականություն է ցուցաբերում խաչմերուկն ազատելուց և մուտք են գործում խաչմերուկ ու ազատում են:
Տվյալ արարքի համար վարորդը կենթարկվի վարչական տույժի՝ 25 հազար դրամի չափով, և նրա բալերից կհանվի 2 միավոր: 2021-ից ներդրված այս համակարգը գործում է բացառապես տեսախցիկներով և արագաչափերով արձանագրված խախտումների դեպքում, որոնք հիմնականում տեղադրված են Երևանում:
Արա Ֆիդանյան (ՀՀ փոխոստիկանապետ) - Այս առումով, եթե մենք ամբողջ հանրապետությունում արձանագրել ենք ՃՏՊ-ների, վիրավորների և զոհերի աճ, Երևան քաղաքում պատկերը մի փոքր այլ է:
Ընդհանուր առմամբ՝ բալային համակարգի ներդրումից հետո Երևանում ճանապարհատրանսպորտային պատահարները նվազել են:
Համեմատելով 2019-ի հետ՝ Հայաստանի փոխոստիկանապետը նշեց՝ 2021 թվականին Երևանում 1920 ՃՏՊ է արձանագրվել, իսկ 2019-ին՝ 2172: Զոհերի թիվը 2021-ին 78-ն է եղել, 19-ին՝ 86-ը:
Արա Ֆիդանյան - Հետևաբար վերլուծության արդյունքում գալիս ենք այն եզրահանգման, որ, միանշանակ, նաև բալային համակարգի ներդրումն է, որը նպաստել է Երևան քաղաքում ՃՏՊ-ների, զոհերի, վիրավորների թվի նվազմանը:
Մարզերում, սակայն, պատկերն այլ է: 2021 թվականին արձանագրվել է 290 զոհ այն դեպքում, երբ 2019 թվականին 255 է եղել: Ըստ փոխոստիկանապետի՝ խնդիրը մարզերում տեխնիկական սարքավորումների պակասն է:
Ընդհանուր առմամբ, տարեսկզբին ստացած 9 բալը տարեվերջին պահպանել է 9117 վարորդ, իսկ 4483 քաղաքացու վարորդական իրավունքը կասեցվել է:
Արա Ֆիդանյան - Պետք է փաստել, որ բալային համակարգը բավականին լուրջ գործիք է ՃՏՊ-ների կանխարգելման առումով, ինչո՞ւ, որովհետև երբ վարորդն արդեն, այսպես ասած, կուտակել է մինչև 9 հասնող բալեր, հետևաբար գիտակցելով, որ մեկ կամ երկու խախտման դեպքում արդեն զրկվելու է վարորդական վկայականից, ստիպված ինքը աշխատում է առավել կարգապահ լինել:
Ինչ վերաբերում է բջջային հավելվածով արձանագրված խախտումներին, ապա Ֆիդանյանը նշում է՝ մարտի 4-ի դրությամբ հավելվածում գրանցվել է 152 օգտատեր և արձանագրել 578 խախտում, որոնցից 286-ով կազմվել է վարչական արձանագրություն: Փոխոստիկանապետի կարծիքով, սակայն, այս թիվը փոքր է՝ մի շարք հանգամանքներով պայմանավորված:
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան