Եթե ամեն ինչ ընթանա ըստ ծրագրվածի, արդեն այս ուսումնական տարվա վերջին դպրոցների շրջանավարտների վկայականներն ու ատեստատները կլինեն թվային տարբերակով: Թղթային տարբերակով ավարտական փաստաթուղթ այլևս չի տրամադրվի:
Ընդ որում, նախատեսվում է, որ 2025 թվականին փոփոխությունն արված կլինի արդեն բոլոր տեսակի ուսումնական հաստատություններում:
Արտակ Պողոսյան (Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրեն) - Գաղափարը հետևյալն է՝ ավտոմատացնել և թվայնացնել ավարտական փաստաթղթերի տրամադրումը ամբողջությամբ և կանխել կոռուպցիոն ռիսկերը, կանխել կեղծ փաստաթղթերի շրջանառությունը մեր երկրում, և դա մենք սկսում ենք դպրոցներից: Բնականաբար, տարիների ընթացքում մենք ավելի հեռու ենք գնալու՝ ուսումնարաններ, քոլեջներ և հետո՝ բուհեր:
Պողոսյանը մանրամասնում է՝ թվային փաստաթուղթը կգեներացվի ավտոմատացված եղանակով՝ կրթության կառավարման տեղեկատվական համակարգից, որի ենթահամակարգերից է դպրոցի էլեկտրոնային մատյանը: Կիսամյակային ու տարեկան գնահատականները պահպանվում են աշակերտի էլեկտրոնային անձնական գործում, քննական գնահատականները մուտքագրելուց հետո մի կոճակի սեղմումով ավտոմատ կձևավորվի ավարտական փաստաթուղթը: Որևէ արհեստական միջամտությունը կդառնա անհնար:
Հիմնական կրթության վկայականն ու ատեստատը առայժմ կլինեն միայն հայերեն: Նպատակ կա հետագայում ունենալ անգլերեն և ռուսերեն տարբերակները:
Փաստաթուղթը հասանելի կլինի e-verify.am պաշտոնական կայքում, որտեղ պահպանվելու են քաղաքացու վերաբերյալ բոլոր փաստաթղթերը: Մի շարք փաստաթղթեր արդեն իսկ տեղ են գտել այդ հարթակում: Պողոսյանը ներկայացնում է, թե ավարտական փաստաթղթերը հրապարակվելուց հետո ինչպես կարելի է ստանալ դրանք:
Արտակ Պողոսյան - Քաղաքացին այցելում է կայք, իր հանրային ծառայությունների համարանիշը գրում է այնտեղ, մտնում է իր էջ և այնտեղից կարողանում է տպել իր փաստաթուղթը, որը ունի հատուկ ՔՌ կոդ, և ցանկացած տեղ ներկայացնելուց ՔՌ կոդը սքան անելու պարագայում ստացվում է տեղեկատվություն, որ, այո՛, այս փաստաթուղթը տրվել է այսինչ անձին, այսինչ թվականին:
Ակնկալվում է նաև, որ գործընթացի թվայնացումը նվազագույնի կհասցնի վարչարարությունը և ժամանակի ծախսը: էլեկտրոնային տարբերակով ավարտական փաստաթղթերը կորցնելու վտանգ էլ չկա: Արտակ Պողոսյանը վստահեցնում է՝ դրանք պահպանելու են հատուկ սերվերներում, որոնց հուսալիությունը բարձր է: Երևանի համար 136 հիմնական դպրոցը օրերս ստացել է 1995 թվականի շրջանավարտներից մեկի դիմումը, որ թղթային ատեստատը կորցրել է և կրկնօրինակն է ուզում ստանալ: Դպրոցը դիմել է նախարարություն, այժմ սպասում են պատասխանի:
Տնօրեն Լիլյա Դավթյանը դրական է գնահատում ավարտական փաստաթղթերը էլեկտրոնային դարձնելու մտադրությունը: Ասում է՝ սա դպրոցի աշխատանքները էլեկտրոնային հարթակում կազմակերպելու տրամաբանական շարունակությունն է:
Լիլյա Դավթյան (Երևանի համար 136 հիմնական դպրոցի տնօրեն) - Բավականին քչանում է աշխատանքը վարչարարական, մեզ թեթևություն է, այսպես ասած, սպասում, ընթացքում, երբ գրվում էին վկայականները և ատեստատները, լինում էին դեպքեր, երբ բացթողումներ էին լինում, սխալներ, նորից դրանք գրելու կարիք էր լինում, ինչպես նաև գիտենք՝ երբ որ ունենում էինք կորցրած կամ պետք էր լինում վկայականի կամ ատեստատի կրկնօրինակը տրամադրել, դա բազմաթիվ աշխատանքային ջանքեր էր մեզանից պահանջում:
Դավթյանն իհարկե չի բացառում, որ նոր գործարկվող համակարգը կարող է թերություններ էլ ունենալ, ինչը բնական է:
Լիլյա Դավթյան - Բացթողումներ լինելու դեպքում դրանք, ինձ թվում է՝ շատ արագ կշտկվեն, կկարգավորվեն:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից տեղեկացանք, որ հիմնական կրթության վկայականն ու ատեստատը պատվիրվում են տվյալ տարվա շրջանավարտների թվով՝ գումարած 5 տոկոս: 2021 թվականին պետությունը պատվիրել է հիմնական կրթության 35 հազար վկայական և 25 հազար ատեստատ: Առաջինի համար վճարել է 9 մլն 800 հազար դրամ, երկրորդի համար՝ 8 մլն 50 հազար:
Հիմնական կրթության մեկ վկայականը արժի 280 դրամ, մեկ ատեստատը՝ 350:
Հեղինակ՝ Աննա Զախարյան