Անազատության մեջ ինքնասպանության կամ ինքնավնասման փորձ անողները անմիջապես տեղափոխվում են պատժախուց: Արդարադատության նախարարությունն առաջարկում է նման դեպքերը չդիտարկել ներքին կարգապահական կանոնի խախտում: Հիմնավորում են՝ պետությունը պետք է ոչ թե պատժի անձին, այլ փորձի հասկանալ արարքի դրդապատճառներն ու գնահատի դատապարտյալի հոգեբանական վիճակը:
Արփինե Սարգսյան (արդարադատության նախարարի տեղակալ) - Կարևոր է ոչ միայն հոգեկան առողջական վիճակի զննությունը, գնահատումը, այլև թերապևտիկ աշխատանքը, և էս տեսանկյունից կարևոր է, որ յուրաքանչյուր ՔԿՀ, որտեղ արձանագրվի, որ անձը, օրինակ՝ ունի հոգեկան առողջական խնդիր, կամ նրա մոտ առկա է ինքնասպանության կամ ինքնավնասման բարձր ռիսկ, նրա հետ տարվի վերականգնողական աշխատանք, հոգեբանական, հոգեբուժական աջակցության միջոցով կամ թերապևտիկ աշխատանքի միջոցով:
Ուսումնասիրությունները փաստում են, որ մեկուսարանում անցկացրած օրերը դատապարտյալին չեն ուղղում: Փոխարենը՝ անհրաժեշտ է ռիսկի գնահատման գործիքներ ներդնել, ինչը կարող է հարցին ամբողջական լուծում տալ: «Աբովյան», «Արմավիր» ու «Կոշ» քրեակատարողականներում նոր մոտեցումը փորձարկվել է:
Արփինե Սարգսյան - Կարևոր է, որ կարանտինային բաժանմունքում հենց սկզբից վեր հանվեն այդ բոլոր ռիսկերը, և ըստ այդմ կազմվի անհատական պլան տվյալ ազատազրկվածի համար, որպեսզի յուրաքանչյուր հիմնարկի աշխատակից հասկանա, թե ինչ քայլեր պետք է տանի տվյալ ազատազրկվածի հետ, որպեսզի նրա մոտ ինքնասպանության ու ինքնավնասման ռիսկերը չեզոքանան, և հոգեբանական անհրաժեշտ մակարդակին բերենք:
«Կոշ» և «Հրազդան» ՔԿՀ-ների կրճատված հաստիքակազմը կօգտագործվի նախագիծը կյանքի կոչելու համար: Կներգրավվեն անվտանգության ապահովման բաժնի աշխատակիցներ և հոգեբաններ:
Արփինե Սարգսյան - Նախատեսում ենք, օրինակ՝ «Արմավիրում» յուրաքանչյուր մասնաշենքում ունենալ հոգեբանի մեկական հաստիք, որ կարողանան ցանկացած պահի, եթե կարիքը լինի, տեղում լինեն ու շտապ օգնություն ցուցաբերեն տվյալ ազատազրկված անձին:
Դատապարտյալի իրավունքները երաշխավորելու համար ևս մեկ փոփոխություն է նախաձեռնել արդարադատության նախարարությունը: Գործող օրենսգիրքը միայն մինչև 7 տարի ժամկետով անազատության մեջ գտնվողներին է հնարավորություն տալիս աշխատել կալանավայրերում: Առաջարկվում է վճարովի աշխատանքի հնարավորություն տալ բոլորին: Այս դեպքում օգնության կգա դասակարգման ու գնահատման գործիքը:
Արփինե Սարգսյան - Հիմնարկը պետք է հասկանա՝ եթե մարդը չունի ռիսկայնություն, անկախ նրանից՝ դատապարտվել է մինչև 10 տարի, թե 5 տարի ժամկետով ազատազրկման, պետք է իրական հնարավորություն ունենա աշխատելու, որովհետև աշխատանքը հենց էն կարևոր խթաններից մեկն է, որը անձի մոտ վերասոցիալականացման ճիշտ ճանապարհ է ձևավորում:
2021-ին քրեակատարողական հիմնարկները աշխատանքով ապահովել են 147 անձի, 86 հաստիք թափուր է: