Հայաստանում չափահաս բնակչության 35%-ը սնվելիս մշտապես կամ հաճախ աղ է ավելացնում սննդին, 71%-ն էլ տանը կերակուր պատրաստելիս է աղը չարաշահում: Որ Հայաստանում քաղաքացիները աղ հնարավորինս քիչ օգտագործեն, Առողջապահության նախարարությունն օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես եկել, առաջարկել՝ հանրային սննդի կետերում առանց հաճախորդի պահանջի արգելել սեղանին աղաման դնել:
Լենա Նանուշյան (ՀՀ առողջապահության փոխնախարար) - Երբ սեղանի վրա դրված չէ, մարդիկ ստիպված կլինեն ասել` աղն էլ բերեք, շատերը նույնիսկ չեն ուզենա այդ աղը, այլ կշարունակեն իրենց ուտելիքն ուտել և որոշակի վարքաբանական փոփոխությունների կհանգեցնի: Միջինը, որ խորհուրդ է տրվում կամ առավելագույնը օրական 5 գրամն է աղի օգտագործման: Մեր հետազոտությունները ցույց են տալիս, որ մեր բնակչությունը երկու անգամ ավելի շատ է աղ օգտագործում կերակրի մեջ, ինչը, հասկանում ենք, հանգեցնում է արդեն սիրտ-անոթային տարբեր հիվանդությունների:
Սննդաբան Դավիթ Պիպոյանը, մինչդեռ, համոզված է՝ հանրային-առողջապահական խնդիրը այս որոշմամբ չի կարող լուծվել: Անհամապատասխանություններ կան, օրինակ, նախադպրոցական ուսումնական հաստատությունների սննդակարգում: Մասնագետը պատասխանատու գերատեսչությանը հարցնում է՝ եթե սահմանված նորմը 5 գրամն է, ինչո՞ւ է այդ հաստատությունների փաստաթղթերում նորմը 6 գրամ նշված:
Դավիթ Պիպոյան (ՀՀ ԳԱԱ էկոկենտրոնի սննդի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար) - Այն հանգամանքը, որ արդեն իսկ գերազանցող քանակ է նշված` 6 գրամ, անգամ այդ թվին չեն հետևում մեր մանկապարտեզներում: Ինչո՞ւ եմ հատուկ նշում այս ոլորտը, որովհետև կերակրի աղը նաև դառնում է սովորութային: Այս նախագիծը ոչինչ չի լուծելու, որովհետև մարդը եթե ունի այդ աղի կարիքը և սովոր է աղի այդ պարունակությանը, նա, միևնույնն է, մատուցողից խնդրելու է աղը:
Հանրային սննդի շատ կետերում նոր փոփոխություններին դեռ պատրաստ չեն: Ասում են՝ իրենք կողմ են հանրային առողջությանը, բայց դրան հասնելու համար նախ՝ հանրային գիտակցությունը պետք է փոխել, և հետո՝ հաճախորդների մեծ մասը առանց սնունդը փորձելու առաջինը աղն է վերցնում: Տնտեսվարողի խոսքով՝ պետք է նաև վերահսկողական մեխանիզմները հստակեցնել:
Հանրային քննարկման ներկայացված նախագիծը երեկ համացանցում ամենաքննարկվող թեմաներից էր, կարծիքները տարբեր էին նաև մայրաքաղաքի փողոցներում։
Աղի քանակի նվազեցումը կարևոր քայլ է մի շարք հիվանդությունների առաջացման ռիսկը կրճատելու համար, համոզված է առողջապահության փոխնախարարը: Լենա Նանուշյանի խոսքով՝ հանրային սննդի կետերում առաջարկվող փոփոխության վերահսկողությունն իրականացնելու է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը: Նախատեսվում է տուգանքը 30.000 դրամ սահմանել:
Լենա Նանուշյան (ՀՀ առողջապահության փոխնախարար) - Տեսչական մարմինը եթե ստուգումների ընթացքում, մոնիթորինգի ընթացքում հայտնաբերի, որ հաճախորդ նստած չէ սեղանին, բայց աղը սեղանի վրա է, իհարկե, տուգանք է նախատեսվում, բայց ես վստահ եմ, որ դա էնպիսի պարզ կանոն է, որ ոչ մի տնտեսվարող չի խախտի:
Մասնագետները վստահեցնում են՝ սննդակարգում աղի քանակի նվազեցումը կարևոր քայլ է սրտանոթային, ինչպես նաև երիկամների քրոնիկ հիվանդությունների առաջացման ռիսկը կրճատելու համար: