Ռուսաստանի ռազմական գործողության նպատակը Ուկրաինան մասնատելը չէ. Մոսկվան ձգտում է սեփական անվտանգության համար երաշխիքներ ապահովել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Ռուսաստանը ձգտում է նրան, որ Եվրոպայում անվտանգության ոլորտում հավասարակշռությունը փոխվի, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրներն այլևս զենք չմատակարարեն Ուկրաինային»,- նշել է Պեսկովը։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը միջոցներ է ձեռնարկում զինաթափելու Կիևին, որն իր գործողություններով սպառնում է նաև Լուգանսկի և Դոնեցկի անվտանգությանը։
Պաշտոնյան անդրադարձել է նաև Եվրոպայում ամենախոշոր՝ Զապորոժիեի ատոմային էլեկտրակայանին, որը նախօրեին անցել է ՌԴ զինված ուժերի վերահսկողության տակ։ Նա հայտնել է, որ ատոմակայանի բլոկները չեն վնասվել, կայանը շարունակում է աշխատել սովորական ռեժիմով։ «Իրավիճակը վերահսկվում է, անվտանգությանը սպառնալիքներ չկան»,- շեշտել է նա։
Անդրադառնալով ռուս-ուկրաինական բանակցություններին՝ Պոսկովը նշել է, որ ռուսական կողմը հուսով է, որ Կիևը կլսի Մոսկվայի դիրքորոշումը, ինչն Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությունը դադարեցնելու պայմաններից մեկն է։
Նա հավելել է, որ Ռուսաստանը միշտ կողմ է եղել ՆԱՏՕ-ի երկրների հետ առկա հակասությունների դիվանագիտական ճանապարհով լուծմանը, մասնավորապես՝ Հյուսիսատլանտյան դաշինքի՝ դեպի արևելք չընդլայնվելու հարցում։ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը երբեք չի ձեռնարկի համաշխարհային անվտանգությանը սպառնացող գործողություններ։