Փետրվարի 5-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին է ժամանել Պոլսո Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ․ Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը, հաղորդում են Մայր Աթոռից:
Այս առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանները Պոլսո Հայոց Պատրիարքին թափորով առաջնորդել են Ս․ Հովհաննես Մկրտիչ և Ս․ Վարդան մատուռ-մկրտարան, որտեղ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Գերաշնորհ Տ․ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի հանդիսապետությամբ, կատարվել է «Հրաշափառի» արարողություն։
Մուշեղ սրբազանը Մայր Աթոռի միաբանության անունից ողջունել և բարի գալուստ է մաղթել Սահակ Պատրիարքին։ Ապա Պոլսո Պատրիարքն իր օրհնությունն ու բարեմաղթանքներն է բերել Սուրբ Էջմիածնի միաբանությանը՝ գոհություն վերառաքելով առ Աստված, որ Տիրոջ օրհնությամբ վերստին գտնվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում։
Առաջիկա օրերին Ամենապատիվ Սահակ Պատրիարքը նաև իր մասնակցությունը կբերի Մայր Աթոռում գումարվելիք Գերագույն հոգևոր խորհրդի ժողովին: