Միացյալ Նահանգները շահագրգռված չէ համաշխարհային էներգետիկ շուկայում առաջարկի ծավալները նվազեցնելու հարցում։ Այդ մասին հայտարարել է Սպիտակ տան խոսնակ Ջեն Սակին՝ մեկնաբանելով Ռուսաստանի և ռուսական էներգակիրների դեմ պատժամիջոցների շուրջ ստեղծված իրավիճակը։
«Նախագահ Բայդենի նպատակն է առավելագույն ազդեցություն ունենալ նախագահ Պուտինի և Ռուսաստանի վրա՝ նվազագույնի հասցնելով նրանց ազդեցությունը մեզ, մեր դաշնակիցների և գործընկերների վրա։ Մենք չունենք ռազմավարական շահագրգռություն էներգակիրների գլոբալ մատակարարումների կրճատման հարցում: Դա կհանգեցնի բենզինի գների բարձրացման ամերիկացիների և ամբողջ աշխարհի համար՝ նվազեցնելով մատչելի առաջարկը»,- ասել է Սակին:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը նաև չի ցանկանում, որ Ռուսաստանը շահույթ ստանա էներգակիրների բարձր գների հաշվին։ Սպիտակ տան խոսնակը նշել է, որ ԱՄՆ իշխանությունները քայլեր են ձեռնարկում Ռուսաստանի՝ որպես էներգակիրների առաջատար մատակարարի կարգավիճակը փոխելու ուղղությամբ: Նրա խոսքով՝ Վաշինգոնը չի պատրաստվում հրաժարվել ռուսական նավթի ներմուծումից: