ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի տնօրեն Ռաֆայել Բենիտեսի գլխավորած պատվիրակությանը:
Վաչե Տերտերյանը, ողջունելով հյուրերին, շեշտել է ԵԽ տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի կարևորությունը տեղական ինքնակառավարման ոլորտում բարեփոխումների իրականացմանն ուղղված ծրագրերում:
Հանդիպման ժամանակ քննարկվել են վարչատարածքային բարեփոխումների արդյունքում միավորված համայնքներում ինստիտուցիոնալ կարողությունների հզորացման, իրավական դաշտի կատարելագործման վերաբերյալ հարցեր։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել աշնանը Կոնգրեսի նախարարական հերթական նիստին ՀՀ ՏԿԵ նախարարի մասնակցության և նրա կողմից Հայաստանում վարչատարածքային բարեփոխումների և տեղական ժողովրդավարության զարգացման ուղղությամբ իրականացված աշխատանքների ներկայացման վերաբերյալ։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել ԵԽ-Հայաստան 2019-22 թթ․ գործողությունների ծրագրի կատարման շուրջ, ինչպես նաև ուրվագծել 2023-2026 թթ․ գործողությունների ծրագիրը։
Բենիտեսը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և վստահեցրել, որ Կոնգրեսը շարունակական աջակցություն կցուցաբերի բարեփոխումների մեր օրակարգին։