Մարզերում այս տարի սուբվենցիոն ծրագրերով ի՞նչ կկառուցվի՝ մոտավոր պատկերն արդեն կա։ Համայնքներից մայրաքաղաք է հասել ֆինանսավորման առումով աննախադեպ մեծ գումարի՝ ընդհանուր 78 մլրդ դրամի ծախս ենթադրող, քանակով, սակայն, նախորդ տարիներից համեմատաբար քիչ՝ 456 հայտ։ Եթե դրանք բոլորը հաստատվեն՝ բյուջեից կպահանջվի 42 միլիարդին մոտ փող։ Ակտիվացումը սպասելի էր, քանի որ Կառավարությունը տարվա սկզբից խոստացավ իր բաժին համաֆինանսավորումն ավելացնել-հասցնել մինչև իսկ 80 տոկոսի, եթե տեղերից կառաջարկեն պետության համար առաջնահերթ համարվող, օրինակ, մանկապարտեզ վերաբացել։ Արդյունքում՝ նախակրթարանի նորոգման-կառուցման այնքան հայտ է ստացվել, որքան նախորդ 4 տարում միասին չէր եղել: Նախնական փաթեթներն է ամփոփում Տարածքային կառավարման և զարգացման նախարարության Կապիտալ ծրագրերի աջակցության պատասխանատուն։
Նարինե Ավետյան (ՀՀ ՏԿԵՆ տարածքային ծրագրերի աջակցության և կոշտ թափոնների կառավարման վարչության պետ) - Եթե 2018-2021 թթ. իրականացվել է 100 մանկապարտեզի ծրագիր, որից միայն 10-ն էր կառուցման, այս տարի ստացել ենք արդեն 174 մանկապարտեզի հայտ, որից 31-ը կառուցում է, մոտ 79 վերանորոգման ծրագրեր են:
Շատացել են նաև սահմանամերձ բնակավայրերից ուղարկված հայտերը, որտեղ նույնպես պետության համաֆինանսավորումն այս տարվանից բարձրացած է։ Ի դեպ, համայնքների խոշորացումից հետո հայտեր կան, որ ներկայացված մի փաթեթով լուծվում է միանգամից 12 բնակավայրի ջրամատակարարման խնդիր, դրա համար է դիմումների քանակը փաստացի պակաս՝ ասում է Նարինե Ավետյանը։
Նարինե Ավետյան - Սահմանամերձ համայնքներից ստանում ենք ավելի խոշոր ծրագրեր. դա և փողոցների լուսավորություն է, ասֆալտապատում-բարեկարգում, ջրամատակարարման-ջրահեռացման ծրագրեր, ունենք նաև վարչական շենքեր, մշակույթի տներ և, իհարկե, մանկապատեզ նույնպես ունենք սահմանամերձներից:
Ամենաշատը, այդուհանդերձ, գյուղական ճանապարհների նորոգման հայտերն են բոլոր մարզերից։ Մարդիկ ուզում են վերջապես ասֆալտապատ տեսնել իրենց քարուքանդ, 30-40 տարի շինարար չտեսած երթուղիները։ Այդ, նաև խմելու և ոռոգման ջուր ունենալու, դպրոց-մանկապարտեզի նորացման խնդիրներն այնքան սուր են, որ դեռ չի հաջողվում սուբվենցիաների ուղղվածությունը շեղել՝ սոցիալականից դեպի տնտեսական, մարզերում աշխատատեղ ստեղծող, փոքրիկ բիզնեսներ բացող ծրագրերին։ Նաև այդ նպատակի համար է, որ պետությունը սկսել է խրախուսել և՛ անհատ բարերարների, և՛ դոնոր կազմակերպությունների մասնակցությունը սուբվենցիաներին։
Նարինե Ավետյան - Այդ միտումը մենք ողջունում ենք, այն տեղերում, որտեղ մասնավոր կա ներգրավված, մենք պետական մասնակցությունը 5 տոկոսով ավելացնում ենք: Մենք փոփոխություն ենք կատարել կարգում և կառավարության որոշմամբ թույլ ենք տվել, որ եթե 51 տոկոս և ավելի ֆինանսավորումը կատարում է դոնոր կազմակերպությունը, թույլ ենք տալիս նաև, որ հենց այդ ընկերությունն էլ անի շինարարությունը:
Հեռագնա արոտ տանող ճանապարհ բացելուց մինչև խմելու ջրագծի անցկացում՝ սուբվենցիոն այս տարվա հայտերից ո՞րը կֆինանսավորվի՝ պարզ է լինելու ամենաուշը ապրիլի վերջին։